ՀՀ քննչական կոմիտեում կառուցվածքային փոփոխություններ են կատարվել

ՀՀ քննչական կոմիտեում կառուցվածքային փոփոխություններ են կատարվել

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի հրամանով իրականացվել են կառուցվածքային փոփոխություններ՝ ուղղված ծանրաբեռնվածության օպտիմալացմանը, աշխատանքային ռեսուրսների ճիշտ բաշխմանը և քննչական գործընթացների արտադրողականության էական բարձրացմանը:

Մասնավորապես՝ Քննչական կոմիտեի կազմում ձևավորվել է Երկրորդ կայազորային քննչական բաժինը, իսկ Միջազգային հարցումների ապահովման բաժինը վերակազմավորվել է Միջազգային համագործակցության վարչության:
Այսպիսով, Երկրորդ կայազորային քննչական բաժնի ստեղծումը պայմանավորված է Քննչական կոմիտեի կազմում գոյություն ունեցող կայազորային քննչական ստորաբաժանումների աշխատանքային ծանրաբեռնվածությամբ, ինչպես նաև զինվորական հանցագործությունների վերաբերյալ քրեական վարույթների՝ ողջամիտ ժամկետում և պատշաճ քննության անհրաժեշտությամբ:

Երկրորդ կայազորային քննչական բաժինը տեղակայվելու է Արարատի մարզի Վեդի քաղաքում:

Անդրադառնալով Միջազգային համագործակցության վարչության վերակազմավորման անհրաժեշտությանը՝ հարկ է նշել, որ անդրազգային հանցագործությունների աճով պայմանավորված՝ վերջին շրջանում ավելացել էր միջազգային իրավական օգնության հարցումների և գործընկեր պետությունների հետ համատեղ աշխատանքի ծավալը, ինչի հետևանքով նախկին բաժնի հաստիքային և կառուցվածքային սահմանափակումները հանգեցնում էին գերծանրաբեռնվածության:

Արդյունքում, վարչության վերակազմավորմամբ հնարավորություն է ընձեռվում հստակորեն տարանջատելու գործառույթները, ապահովելու միջազգային հարցումների մշակման առավել բարձր արտադրողականություն և օպերատիվություն: Փոփոխությունն ուղղված է արտերկրի գործընկերների և միջազգային կառույցների հետ փոխգործակցության ընդլայնմանն ու ինստիտուցիոնալ կարողությունների հզորացմանը:

Աղբյուր՝ 24News.am