Քննարկվել են Համաշխարհային բանկի կողմից տրամադրվող աջակցության երկրորդ փուլին առնչվող հարցեր

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Համաշխարհային բանկի՝ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շրջանակում իրականացվող խորհրդատվական և վերլուծական ծառայությունների տեխնիկական առաքելության ներկայացուցիչներին։ Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ-ից:
Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Էդուարդ Հակոբյանն ընդգծել է Համաշխարհային բանկի առանցքային դերակատարությունը՝ կարևորելով կազմակերպության հետ ձևավորված երկարամյա համագործակցության շարունակականությունն ու հետագա ընդլայնումը։ Անդրադարձ է կատարվել նաև ներկայում իրականացվող մի շարք ծրագրերի, մասնավորապես, մաքսային համակարգի թվայնացման, գործընթացների պարզեցման և արդիականացման, ինչպես նաև մաքսային մարմնում արհեստական բանականության գործիքների կիրառման հետ կապված ծրագրերին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շրջանակում Համաշխարհային բանկի կողմից տրամադրվող տեխնիկական աջակցության երկրորդ փուլի մեկնարկին առնչվող հարցերը, ինչպես նարև անդրադարձ է կատարվել ԹՐԻՓՓ-ի բիզնես մոդելի նախագծման նպատակով տրամադրվող աջակցության շրջանակին։
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել առանձին թիրախային հանդիպումներից հետո հստակեցնել Համաշխարհային բանկի կողմից տրամադրվելիք աջակցության շրջանակը, այդ թվում՝ թվային փոխկապակցվածության ոլորտում։
Աղբյուր՝ 24News.am
