Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կա վիրավոր

Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կա վիրավոր

Երեկ՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17:00-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 48-ամյա Վալոդյա Ա․-ն իր վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի աջակողմյան հատվածում կայանված «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենային և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վալոդյա Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ճամբարակ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Ներսիկ Գրիգորյանի, Բակուր Սարիբեկյանի, վաշտի հրամանատար Դավիթ Գալոյանի և դասակի հրամանատար Ռոման Գրիգորյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են կայանված ավտոմեքենայի վարորդի և սեփականատիրոջ ինքնությունը։

Աղբյուր՝ 24News.am