Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 3748-ի

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ) էբոլայի հաստատված դեպքերի թիվը հասել է 3748-ի, հիվանդությունից մահացել է 1657 մարդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին նշվում է երկրի Հանրային առողջապահության ազգային ինստիտուտի հրապարակած տվյալներում։
«Վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է հիվանդության 74 նոր դեպք, 36 մահ, ապաքինվել է 42 մարդ», – ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մտահոգություն էր հայտնել ԿԴՀ-ում էբոլայի շարունակական տարածման առնչությամբ։ «Դեպքերի շարունակվող աճը, տարածման աշխարհագրության ընդլայնումը և մահացության պահպանվող բարձր մակարդակը վկայում են հանրային առողջապահության բնագավառում արտակարգ իրավիճակի սրընթաց զարգացման մասին», – հայտարարել են ԱՀԿ-ում։
Աղբյուր՝ 24News.am
