Խլված մանդատներով ձևավորված խորհրդարանը չի կարող ունենալ ժողովրդի լիարժեք վստահությունը. Շաքե Իսայան

ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Շաքե Իսայանը գրել է.
«Խլոցի՝ մերօրյա «ժողովրդավարության» բանաձևը.
Մանդատից մինչև սեփականություն։
Այսօր Ազգային ժողովի 9-րդ գումարման առաջին նիստն էր։
Արձանագրենք՝ այս խորհրդարանը պատմության մեջ կմնա այն ծանր իրողությամբ, որ նրա կազմը ձևավորվել է քաղաքացիների կամքը խեղաթյուրելու և ԲՀԿ-ից խլված մանդատների ստվերի ներքո։
Այդ ստվերը հաջորդ հինգ տարիներին անխուսափելիորեն ուղեկցելու է այս խորհրդարանին՝ ուզեք թե չուզեք, որպես մշտական հիշեցում, որ ժողովրդավարությունը չի սահմանափակվում ընտրության օրվա քվեարկությամբ․ այն սկսվում է ժողովրդի տված յուրաքանչյուր մանդատի նկատմամբ հարգանքից։
Այդ պատճառով խլված մանդատներով ձևավորված խորհրդարանը կարող է ունենալ աթոռներ և պաշտոններ, բայց ոչ երբեք՝ ժողովրդի լիարժեք վստահությունը»։
Աղբյուր՝ 24News.am
