Սաուդյան Արաբիայի թագաժառանգը Թրամփին կոչ է արել չհարվածել Իրանին

Սաուդյան Արաբիայի թագաժառանգը Թրամփին կոչ է արել չհարվածել Իրանին

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում մտահոգություն է հայտնել Իրանի դեմ ԱՄՆ-ի հնարավոր նոր լայնածավալ հարվածների ծրագրերի վերաբերյալ և կոչ է արել խուսափել իրավիճակի սրումից։ Այս մասին հայտնում է ամերիկյան Axios պորտալը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ հրապարակման՝ թագաժառանգը Թրամփի հետ զրույցում արտահայտել է իր մտահոգությունները և խնդրել պարզաբանել Վաշինգտոնի հետագա գործողությունների ծրագիրը։

ԱՄՆ պաշտոնյաներից մեկի խոսքով՝ սաուդյան կողմը «մտահոգություն է հայտնել և խնդրել է ներկայացնել գործողությունների ծրագիրը»։ Մեկ այլ աղբյուրի փոխանցմամբ՝ բեն Սալմանը կոչ է արել Թրամփին նպաստել լարվածության թուլացմանը և զերծ մնալ հարվածներից։

Axios-ի տվյալներով՝ Քաթարի միջնորդությամբ շաբաթ օրը առանձին խորհրդակցություններ են անցկացվել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի, ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Օմանի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Քաթարը փորձում է հասնել Հորմուզի նեղուցում բնականոն նավարկության վերականգնման շուրջ պայմանավորվածությունների։ Ըստ աղբյուրի՝ խորհրդակցությունների ընթացքում «առաջընթաց է գրանցվել», սակայն մանրամասներ չեն հաղորդվում։

Աղբյուր՝ 24News.am