Ցույցերի մասին օրենքում կատարված փոփոխությունները խստացնում են պատասխանատվությունը կատարված իրավախախտումների համար, զարմացած եմ եվրոպացի քաղաքական գործիչների բացասական արձագանքից․ Կոբախիձե
![l-0x33wh-786x458z-1_2-770x_](https://norlur.am/wp-content/uploads/2025/02/l-0x33wh-786x458z-1_2-770x_.jpg)
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն զարմացած է խորհրդարանի ընդունած հավաքների և ցույցերի մասին օրենքում կատարված փոփոխությունների վերաբերյալ եվրոպացի քաղաքական գործիչների բացասական արձագանքից:
Այս մասին փետրվարի 8-ին լրագրողներին ասել է Իրակլի Կոբախիձեն՝ նշելով, որ կատարված փոփոխությունները խստացնում են քաղաքացիների պատասխանատվությունը կատարված իրավախախտումների համար:
«Այս օրենսդրական փոփոխություններն ուղղված են հասարակության մեջ ատելության տարածման կանխմանը, և երբ կոնկրետ եվրոպացի քաղաքական գործիչները մտահոգված են մեր խորհրդարանի որոշումներով, դա մեզ մոտ թյուրիմացություն և զարմանք է առաջացնում։ Նրանք աջակցում են ատելությանը, մարդկանց վիրավորանքներին, այդ ամենը Եվրոպայի հետ ոչ մի կապ չունի»,-ասել է Վրաստանի վարչապետը:
Նրա խոսքով ՝ պետությունը թույլ չի տա արմատական ընդդիմությանն անպատիժ վիրավորել քաղաքական ընդդիմախոսներին:
«Չի կարելի, որ արմատական ընդդիմության 400 ներկայացուցիչ խնդիրներ ստեղծի Վրաստանի 4 միլիոնանոց բնակչության համար»,-ասել է Կոբախիձեն: