Սահմանազատում էլ չկա՞․ Ու՞ր անհետացավ սահմանազատման հարցը օրակարգից

0
Screenshot

Screenshot

Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում վերջին շրջանում աչքի զարնող մի լռություն է տիրում։ Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը, որը մինչև վերջերս իշխանությունների հռետորաբանության կենտրոնական առանցքներից մեկն էր, կարծես թե անհետացել է քաղաքական դիսկուրսից։ Ուր մնաց սահմանների ճշգրտման հարցը, և ինչո՞ւ այն այլևս չի հնչեցվում պաշտոնական ելույթներում:

Իրավիճակի պարադոքսալությունն այն է, որ խնդիրը ոչ միայն չի լուծվել, այլ ավելի է խորացել։ Ադրբեջանը փաստացի վերահսկողություն է սահմանել Հայաստանի ինքնիշխան տարածքի մի մասի նկատմամբ։ Խոսքը Ջերմուկի, Գեղարքունիքի և Սյունիքի մի շարք հատվածների մասին է։ Այս հողերն այսօր գտնվում են Բաքվի ֆիզիկական վերահսկողության տակ, ինչը կոպտորեն խախտում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը։

Իշխանությունները երկար ժամանակ պնդում էին, որ այս տարածքների պատկանելությունը պարզ կդառնա հենց սահմանազատման գործընթացի արդյունքում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս է կրկնել այս թեզը՝ փաստորեն խոստանալով, որ դիվանագիտական ճանապարհով հնարավոր կլինի վերականգնել արդարությունը։ Սակայն այդ գործընթացը սառեցվեց հենց այն առանցքային պահին, երբ Ադրբեջանն ամրապնդեց իր դիրքերը հայկական հողի վրա։

Այս ամենը տեղի է ունենում ոչ թե տեղեկատվական վակուումում, այլ ներքաղաքական կարևոր իրադարձությունների ֆոնին։ Տպավորություն է, որ թեման միտումնավոր լռությամբ շրջանցվեց նախընտրական փուլում։ Կարծես թե, իշխանությունը նախընտրեց հարցը դուրս հանել օրակարգից, որպեսզի ստիպված չլինի պատասխանել մի անհարմար հարցի, որն ակնհայտորեն հուզում է հասարակությանը. ինչո՞ւ է հայկական իշխանությունն անզոր Ալիևի առջև, և ինչո՞ւ է թույլ տալիս, որ օկուպացված տարածքները մնան թշնամու ձեռքում:

Վերլուծելով զարգացումները՝ ստացվում է, որ սահմանազատման գաղափարն ինքնին օգտագործվեց որպես քողարկում։ Սկզբում՝ իշխանությունների անգործությունն արդարացնելու համար, իսկ այժմ՝ ժամանակ ձգելու համար։ Արդյունքում Ջերմուկի, Գեղարքունիքի և Սյունիքի կորցրած հողերը դե-ֆակտո մնացին Բաքվի վերահսկողության տակ, իսկ գործընթացը, որի արդյունքում Բաքուն պետք է վերադարձներ այդ հողերը, պարզապես անհետացավ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով