Կառավարությունը 70 մլն եվրո վարկ է վերցնում, որպեսզի բարելավված ջրամատակարարում ապահովի. Ջրային կոմիտեի նախագահ
Կառավարությունը 70 մլն եվրո վարկ է վերցնում, որպեսզի բարելավված ջրամատակարարում ապահովի, վարկային համաձայնագրի բյուջեն կազմում է 70,4 միլիոն եվրո: Այս մասին ջրամակատակարարման դադարեցման քննարկումների վերաբերյալ ԱԺ հանձնաժողովի նիստի ընթացքում ասել է Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը:
ՀՀ և Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջև Հայաստանի ջրի և ոռոգման ծառայությունների բարելավման ծրագրի առաջին փուլում վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծի շրջանակներում Ղալամքարյանը ներկայացրեց, որ ծրագիրը ուղղված է լինելու ՀՀ ոռոգման և ջրամատակարարման ու ջրահեռացման ոլորտների արդիականացմանն ու բարեփոխմանը:
«Հարկ եմ համարում նշել, որ ծրագիրը համաֆինանսավորվելու է Ֆրանսիական զարգացման գործակալության և ՀՀ Կառավարության կողմից:
Ծրագիրը բազմափուլային է, սա միայն առաջին փուլն է, նախատեսվում է 5 տարվա համար, հաջող իրականացման դեպքում՝ կլինի նաև ծրագրի երկրորդ փուլ, դրամական արտահայտությամբ՝ առաջին փուլը կլինի 185 միլոն դոլար, երկրորդը՝ 250: Համաձայնագիրը ստացել է Սահմանադրական դատարանի հավանությունն ու դրական եզրակացությունը»,- նշել է նա:
