Պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ մեղադրվող նախկին քննիչի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան

89471336-0-1-1200-676-1920x0-80-0-0-fa8679df934ae685c4efde6bb214f524-1772089704900-770x_

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի մարզային քննչական վարչություններից մեկում ՀԿԳ ավագ քննիչի պաշտոնը զբաղեցրած անձը քրեական վարույթով կազմել և շրջանառության մեջ է դրել կեղծ փաստաթուղթ:

Մասնավորապես՝ նախաքննությամբ հիմնավորվել է, որ վերը նշված քննիչը 2023 թվականին իրեն հանձնարարված քրեական վարույթով մեղադրյալի և վկայի բացակայության պայմաններում կազմել է իրականությանը չհամապատասխանող արձանագրություն, որում ներառել է քննչական գործողության ընթացքում տրված հարցերին վկայի և մեղադրյալի անունից հնչեցված մտացածին պատասխաններ:

Հիշյալ արձանագրության իսկությունը հավաստելու համար քննիչի կողմից դրանում նշված անձանց փոխարեն կատարվել են համապատասխան գրառումներ և դրվել ստորագրություններ՝ կազմված կեղծ փաստաթուղթը շրջանառության մեջ դնելու և քրեական վարույթի նյութերին կցելու նպատակով:

Պաշտոնեական կեղծիք կատարելու համար ՀՀ ՔԿ նախկին պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: