Սիրիայի իրավազորությունն է. Հայաստանի արդարադատության նախարարությունը տեղյակ չէ փոխանցված վարձկանների գտնվելու վայրի մասին
Հայաստանի արդարադատության նախարարությունը, փաստորեն, տեղյակ չէ Դամասկոսին հանձնված սիրիացի վարձկանների գտնվելու վայրի մասին։
Հունվարի 14-ին Հայաստանի իշխանությունները Թուրքիայի միջոցով Սիրիային են հանձնել ցմահ դատապարտված երկու սիրիացի քաղաքացիների՝ Մուհրաբ Մուհամմադ ալ-Շխերիին և Յուսեֆ Ալաբեթ ալ-Հաջիին՝ դա բացատրելով վերջիններիս հետագա պատիժը հայրենիքում կրելով:
Sputnik Արմենիան հարցում է ուղարկել ՀՀ արդարադատության նախարարություն՝ հետաքրքրվելով.
1) շարունակու՞մ են, արդյոք, նրանք կրել պատիժը,
2) Եթե այո, ապա որտե՞ղ/ո՞ր քրեակատարողական հիմնարկում:
Արդարադատության նախարարությունից տեղեկացրել են, որ «նշված անձանց փոխանցումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան՝ Սիրիայի Արաբական Հանրապետության համապատասխան քրեակատարողական հիմնարկում պատժի մնացած մասը կրելու նպատակով:
Գերատեսչությունը նաև հայտնել է, որ «փոխանցումից հետո պատժի կատարման կազմակերպումը և դրա ընթացքը գտնվում է ընդունող պետության իրավասու մարմինների իրավազորության ներքո»:
