ՀՀ-ում օտարերկրյա ներդրողը տեղականին հավասար իրավունքներ կունենա. որոշում
ՀՀ-ում օտարերկրյա ներդրողը տեղականին հավասար իրավունքներ կունենա։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։ Այս մասին փոխանցում է Սպուտնիկ Արմենիան:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը, ներկայացնելով «Ներդրումների մասին» ՀՀ օրենքի նախագիծը, նշեց, որ այն կստեղծի իրավական հիմքեր ինչպես տեղացի, այնպես էլ օտարերկրյա ներդրումների համար։ Ըստ նրա` այդպիսով կսահմանվի նաև խտրականության բացառման երաշխիքը։
«Սահմանվում են այնպիսի երաշխիքներ, ինչպիսիք են կապիտալի և գույքի ազատ տեղաշարժն ու փոխարկումը, հողի նկատմամբ սեփականության և այլ գույքային իրավունքներ, աշխատողներ վարձելու երաշխիքներ, վեճերի լուծման մեխանիզմը, արդարադատության մատչելիությունը և այլն»,– ընդգծեց Սիրականյանը։
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի խոսքով` օտարերկրյա ներդրողներն այսպիսով ունենալու են տեղացի ներդրողներին հավասար իրավունքներ, ազատություններ և պարտականություններ, ինչպես նաև առավել բարենպաստության ռեժիմը։
«Այսպիսով կապահովվի ավելի պարզ, թափանցիկ, կայուն և կանխատեսելի միջավայր»,– ընդգծեց նա։
Օրենքի փոփոխությունների այս նախագիծը ներկայացվեց Ազգային ժողովի քննարկմանը։
