Հայաստանը նախատեսում է ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիր ստորագրել Լեհաստանի հետ
Հայաստանի կառավարության նիստի ընթացքում հաստատվեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Լեհաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիր ստորագրելու հարցը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագծի հիմնավորման համաձայն՝ Հայաստանը մեծապես կարևորում է Լեհաստանի հետ փոխվստահության վրա հիմնված բարձր մակարդակի հարաբերությունների խորացումը՝ նպատակ ունենալով պաշտպանական ոլորտում արձանագրել շոշափելի արդյունքներ և ընդլայնել համագործակցության ուղղությունները։
Նշվում է, որ երկու երկրների բարձր քաղաքական մակարդակով պարբերական շփումները և բազմաոլորտ համագործակցությունը նախադրյալ են ամուր միջպետական կապերի ձևավորման համար՝ հատկապես ռազմատեխնիկական ոլորտում կառուցողական փոխգործակցության զարգացման տեսանկյունից։
Հայաստանի և Լեհաստանի միջև պաշտպանության ոլորտում համագործակցության իրավական հիմքը հանդիսանում է 2004 թվականի սեպտեմբերի 6-ին Վարշավայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լեհաստանի Հանրապետության կառավարության միջև պաշտպանության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը, որը վավերացվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2005 թվականի մարտի 21-ին։
Նոր համաձայնագիրը նպատակ ունի սահմանել ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության հիմնական սկզբունքներն ու ընթացակարգերը՝ հիմնված հավասարության, փոխադարձ հարգանքի և փոխշահավետության վրա։
Փաստաթղթում ամրագրված են համագործակցության ոլորտներն ու ձևերը, գաղտնի տեղեկատվության պաշտպանության դրույթները, երրորդ երկրներին վաճառքի կարգավորումները, ինչպես նաև համատեղ հանձնաժողովի գործունեության կանոնակարգը։ Նշված են նաև վեճերի կարգավորման և համաձայնագրի ուժի մեջ մտնելու ու դադարեցման մեխանիզմները։
Կառավարության հիմնավորման մեջ ընդգծվում է, որ համաձայնագրի ստորագրումը լիովին համապատասխանում է ՀՀ ռազմավարական շահերին և բխում է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրից՝ պաշտպանության ոլորտում զինված ուժերի բարեփոխումների ուղղությամբ։
Ըստ նախագծի՝ համաձայնագիրը կնպաստի միջազգային պաշտպանական համագործակցության ընդլայնմանը և երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդմանը ռազմատեխնիկական բնագավառում։
Համաձայնագրի ստորագրումից հետո այն պետք է քննարկվի և վավերացվի նաև Ազգային ժողովի կողմից։
