«Խաղաղության խորհրդում» Ռուսաստանի և Բելառուսի դիրքորոշումը կլինի միասնական. Լուկաշենկո
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ ստեղծված «Խաղաղության խորհրդում» Բելառուսի և Ռուսաստանի դիրքորոշումը կլինի միասնական, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Մինսկում Միութենական պետության պետքարտուղար Սերգեյ Գլազևի հետ հանդիպման ժամանակ նա նշել է, որ Բելառուսը չի պատրաստվում շեղվել «Խաղաղության խորհրդին» մասնակցելու նախկինում ընդունված որոշումից և, լինելով Ռուսաստանի դաշնակիցը, պատրաստ է համատեղ համագործակցել այդ թեմայով:
«Բնականաբար, այդ դիրքորոշումը՝ և՛ Ռուսաստանի, և՛ Բելառուսի, կլինի միասնական: Մենք կմշակենք այդ դիրքորոշումը, քանի որ ունենք նույնական տեսակետներ»,- Լուկաշենկոյի խոսքերն է մեջբերում «ԲելՏԱ» գործակալությունը:
Բելառուսի առաջնորդն ընդգծել է, որ «Խաղաղության խորհրդում» Մինսկը աշխատելու է ամենալուրջ կերպով՝ միևնույն ժամանակ զբաղեցնելով ինքնիշխան դիրքորոշում, հայտնում է «Ռիա նովոստի»-ն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահի վարչակազմը Գազայի հարցով «Խաղաղության խորհրդի» աշխատանքներին մասնակցելու հրավերներ էր ուղարկել շուրջ 50 պետությունների ղեկավարների, որոնք մի քանի օրվա ընթացքում հրապարակավ հայտնում էին ամերիկյան նախագահի առաջարկը ստանալու մասին: Հրավիրյալների ցուցակում ներկայացված են երկրներ տարբեր տարածաշրջաններից՝ Ավստրալիայից մինչև Ճապոնիա: Ռուսաստանը, Բելառուսը և Ուկրաինան նույնպես ընդգրկված են հրավիրյալների ցանկում:
