Միացյալ Նահանգները չի նշում Հայաստանի ապագա ատոմակայանի էներգիայի գինը. Ռուսաստանի ԱԽՔ

1772365450-0-0-1643-925-1920x1080-80-0-0-78329ab1efdec87ce7845e1caf24aef3-1770976428660-770x_

Միացյալ Նահանգները չի նշում Հայաստանի ապագա ատոմակայանի էներգիայի գինը, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն:

«Այցի ընթացքում հայտարարվել է ատոմակայանի կառուցման համար 5 միլիարդ դոլարի և հետագայում սպասարկման ու վառելիքի մատակարարման համար ևս 4 միլիարդ դոլարի մասին: Ընդ որում, ոչ մի տեղ չի նշվել արտադրվող էներգիայի մեկ մեգավատտ-ժամի նույնիսկ մոտավոր գինը: Մինչդեռ սրան պետք է հատուկ ուշադրություն դարձնել: Եթե խոսքը «NuScale Power» ընկերության 77 մեգավատտ հզորությամբ մոդուլների մասին է, ապա հենց էներգիայի թանկությունն է դարձել Յուտա նահանգում դրա նախագծի ձախողման պատճառը: Դեռևս նախապատրաստական փուլում արժեքն աճել էր 1,5 անգամ, իսկ արտադրվելիք էներգիայի գինը 58-ից բարձրացել էր մինչև 89 ԱՄՆ դոլար՝ մեկ մեգավատտ-ժամի համար, ինչն էլ հանգեցրեց 2023 թվականին նախագծի փակմանը», – ասել է Շոյգուն:

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ այդ թվերը հնչել են միայն պլանավորման փուլում, իսկ վերջնական արժեքը զգալիորեն ավելի բարձր կլիներ:

«Նմանատիպ օրինակ, միայն թե «մեծ» ատոմակայանների շարքից, ամերիկյան «Վոգթլ» (Vogtle) կայանն է: Այնտեղ 3-րդ և 4-րդ բլոկների շինարարության ընթացքում ծախսերն աճել են ավելի քան կրկնակի՝ ի սկզբանե նախատեսված 14 միլիարդից հասնելով աստղաբաշխական 36 միլիարդ դոլարի: Ընդ որում, շինարարությունը սկսվել էր 2013 թվականին, նախատեսվում էր ավարտել 2016-ին և 2017-ին, սակայն իրականում ավարտվեց համապատասխանաբար 2023 և 2024 թվականներին», – նշել է նա:

Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, ամփոփելով Հայաստան կատարած այցի արդյունքները, հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները միջուկային էներգետիկայի ոլորտում համաձայնագրի շրջանակներում Հայաստանին կմատակարարեն փոքր մոդուլային ռեակտորներ: