Հ1-ը թող փոխի օրհներգի հնամաշ հոլովակը, դա նույնն է, որ մենք միշտ նույն հագուստով ման գանք. Նիկոլ Փաշինյան
Եկեք խնդրենք Հանրային հեռուստատեսությանը, որ այդ հնամաշ հոլովակը փոխեն, մեր պետությունը ու հեռուստատեսությունները գումար չունե՞ն, որ 2 տարին մեկ թարմացնեն օրհներգի հոլովակը: Այս մասին Կառավարության հերթական նիստի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով օրհներգի հին տեսահոլովակին:
«Սա վերաբերմունք է, նույնն է, որ մենք նույն հագուստով ման գանք, ոչ մեկս չի անի նման բան, բայց մեր պետությանը հագցնում ենք նույն շորերը, ու ասում ենք` դե լավ է, մեկ է ժամը 12-ին ոչ լսող կա, ոչ նայող, ոչ էլ առավել ևս ոտքի կանգնող»,- նշել է նա:
Ի պատասխան հարցադրմանը՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ խնդիրը դրված էր նոր հոլովակ նկարահանելու, շեշտեց, որ սցենարային առաջարկը կա, առաջիկայում հոլովակը պատրաստ ու հասանելի կլինի:
