Իջևանով անցնող երկաթուղու վերականգնումը ևս քննարկվում է. Փաշինյան

8589-main

Ապաշրջափակման գործընթացի շրջանակում գործնականում չկա ճանապարհ կամ երկաթուղային ուղղություն, որի բացման կամ վերաբացման հարցը չքննարկվի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցին, որը հետաքրքրվեց՝ արդյոք քննարկվել է Իջևանը ադրբեջանական երկաթուղուն կապող հատվածի վերականգնումը և դրա հնարավոր տնտեսական ազդեցությունը։

«Իհարկե քննարկվում է։ Բայց պետք է հաշվի առնենք, որ արդեն ավելի քան 30 տարի Հաղարծինի հատվածում սողանք կա, որը ընդհատել է երկաթուղին։ Դա լուծելի հարց է՝ կախված նրանից, թե ինչպիսի բեռնահոսքեր պոտենցիալ կանցնեն այդ տեղով»,– նշեց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ եթե երկաթուղին ցուցաբերի բեռնվածության և շահութաբերության բավարար հեռանկար, ապա վերականգնումը կարող է իրականություն դառնալ։

Վարչապետը նաև ներկայացրեց կառավարության կատարած ուսումնասիրությունների արդյունքները՝ նշելով, որ Ադրբեջանից դեպի Թուրքիա ամենակարճ երթուղին հենց Իջևանով անցնող ուղղությունն է։

«Եթե Իջևան-Հրազդան ճյուղը միացնենք Վանաձոր-Գյումրի ճյուղին, կստացվի, որ Ադրբեջանից դեպի Թուրքիա ամենակարճ ճանապարհը կլինի Իջևան-Դիլիջան-Վանաձոր-Ջաջուռ-Գյումրի-Ախուրիկ ուղղությամբ։ Դա նաև ավտոմոբիլային առումով ամենակարճ ճանապարհն է»,- ասաց նա։

Փաշինյանի խոսքով՝ քննարկվում են բոլոր հնարավոր տարբերակները՝ սահմանից մինչև Իջևան, Ազատամուտից և սահմանից մինչև Կայանավան տարբերակները։

Նրա խոսքով՝ որոշումները կախված են տեխնիկական և տեխնիկատնտեսական հաշվարկներից, ինչպես նաև քաղաքական գործընթացներից։

«Որքան ինստիտուցիոնալ դառնա խաղաղությունը, այնքան ավելի հավանական կդառնա տարբեր սցենարների զարգացումը»,– եզրափակեց վարչապետը։