ՔԿ-ն հայտնել է՝ ինչու են ձերբակալվել Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում «Հաղթանակ» դաշինքի ցուցակում ընդգրկվածներն ու աջակիցները (տեսանյութ)

110226-1770802697165-770x_

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի նոյեմբերի 16-ին Վաղարշապատ խոշորացված համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքի ավագանու ցուցակում ընդգրկված Ս.Դ.-ն, Ն.Օ.-ն և նույն դաշինքի աջակիցներ Ա.Ա.-ն և Մ.Մ.-ն նախնական համաձայնությամբ խմբի կազմում ընտրությանը մասնակցելու իրավունք ունեցող մի շարք անձանց ուղղորդել են քվեարկել դաշինքի օգտին` այդ կերպ խոչընդոտելով անձնական ընտրական իրավունքի ազատ իրականացմանը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից :

Նախաքննության ընթացքում 7 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրականացումը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը կամ հանրաքվեին մասնակցող անձանց իրավունքների կամ պարտականությունների իրականացումը խոչընդոտելը):

Վեց անձ ձերբակավել է՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով դատարան ներկայացնելու համար:

Վերջիններիս բնակության հասցեներում և կից օժանդակ շինություններում կատարվել են խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել են քրեական վարույթի համար նշանակություն ունեցող փաստաթղթեր:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։