Եկեղեցի եմ գալիս աղոթելու, ոչ թե քաղաքական դեմքերի ներկայությանը ականատես լինելու համար․ քաղաքացիներից ոմանք հեռացել են Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցուց, որտեղ պատարագի էր մասնակցում Փաշինյանը
Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվող կիրակնօրյա պատարագի է մասնակցել։ Եկեղեցի եկած մի շարք քաղաքացիներ լրագրողների հետ զրույցներում հայտնել են, որ նախապես չեն տեղեկացվել վարչապետի այցի մասին և պատահաբար են հայտնվել նույն վայրում։
Վարչապետի ներկայությունը նկատելով՝ քաղաքացիներից ոմանք դժգոհություն են հայտնել՝ ընդգծելով, որ եկել էին բացառապես պատարագին մասնակցելու և չեն ցանկանում հանդիպել Նիկոլ Փաշինյանին։ Նրանց մի մասն ուղղակի մոմ են վառել և հեռացել։
Լրագրողների հետ զրույցում քաղաքացիներից մեկը նշեց, որ Փաշինյանի ներկայությունը իրեն խիստ բարկացրել է․
«Չգիտեի, որ նա այստեղ է գալու։ Տանել չեմ կարողանում իրեն, հատկապես հիմա, երբ, իմ կարծիքով, քայլեր է անում եկեղեցու դեմ։ Գոնե սրբավայր չմտներ»։
Մեկ այլ քաղաքացի նշեց, որ ամեն կիրակի մասնակցում է ժամերգության, սակայն այս անգամ, ոստիկանների ներկայությունը նկատելով, հասկացել է վարչապետի այցի մասին և որոշել է չմնալ մինչև վերջ։
Քաղաքացիներից մեկն էլ ասաց, թե վարչապետի այցի մասին իմացությունից հետո որոշել է պարզապես մոմ վառել և հեռանալ։
«Եկեղեցի եմ գալիս աղոթելու, ոչ թե քաղաքական դեմքերի ներկայությանը ականատես լինելու համար»։
Նշենք, որ այսօր Փաշինյանը պատարագին մասնակցում էր առանց որևէ պետական պաշտոնյայի։
