Մեր համար առաջնահերթություն է մեր 4 հարևանների հետ էլեկտրահամակարգերի սինխրոն միացումը. Դավիթ Խուդաթյան
Մեր համար առաջնահերթություն է մեր 4 հարևանների հետ էլեկտրահամակարգերի սինխրոն միացումը, ինչը ոչ միայն ներմուծել-արտահանելու տեսանկյունից կոմերցիոն նշանակություն ունի, այլև կայունություն է հաղորդում էներգահամակարգին: Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ ասել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:
«Տեխնիկապես դա հնարավոր է 4 հարևանների հետ կատարել, տեխնիկական խոչընդոտ որպես այդպիսին չկա, մնացած մասով հուսով եմ զարգացումներ կլինեն, մենք պատրաստ ենք այդ զարգացումներին: Մտահոգություն չունենք Իրանի հետ կապված, ավելին՝ էներգետիկ ոլորտում ունենք հրաշալի համագործակցություն, նախորդ տարվա ընթացքում կայուն էլեկտրաէներգիա ենք մատակարարել Իրան, այնտեղից էլ ստացել ենք գազ:
Ժամկետներ չկան, ես նախորդ տարվա ընթացքում այց եմ կատարել Թուրքիա, այնտեղ հանդիպել եմ Թուրքիայի էներգետիկ ոլորտը համակարգող նախարարի հետ, ֆիքսել ենք, որ դա տեխնիկապես հնարավոր է իրականացնել:
Մասնագետները կհաստատեն, որ այն կայունություն է հաղորդում էլեկտրահամակարգին այնպես, ինչպես Հայաստանի էներգահամակարգը Վրաստանի էլեկտրահամակարգին և հակառակը, ինչպես նաև Հայաստանի էներգետիկ համակարգը կայունություն է հաղորդում Իրանի Իսլամական Հանրապետության էներգահամակարգին և հակառակը»,- նշել է նա:
