Շիրակի մարզպետի փոփոխություն չենք նախատեսել, գոհ ենք Դավիթ Առուշանյանի աշխատանքից. Խուդաթյան
Շիրակի մարզպետի փոփոխություն չենք նախատեսել: Գոհ ենք Դավիթ Առուշանյանի աշխատանքից, և պարոն Առուշանյանը շարունակելու է պաշտոնավարումն այնպես, ինչպես այս ընթացքում է իրականացրել: Այs մասին մամլո ասուլիսի ժամանակ ասել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ անդրադառնալով տեղեկատվությանը, թե Շիրակի մարզպետն ազատվելու է պաշտոնից:
«Տարվա ընթացքում տարբեր լրատվականներ բազմաթիվ այդպիսի տեղեկատվություններ են շրջանառում, որոնց մի մասն իրական է, մի մասն իրական չէ:
Պարոն Առուշանյանի ազատման հետ կապված լուրը իրականությանը չի համապատասխանում: Այդ է պատճառը, որ լուրի հրապարակումից հետո պարոն Առուշանյան է մարզպետը: Նա շարունակելու է պաշտոնավարել մարզում, մենք նրա աշխատանքից գոհ ենք:
Բնականաբար, աշխատանքային պրոցեսում թերություններ էլ կլինեն, շտկման հնարավորություն էլ կլինի, բայց նրա աշխատանքը գնահատում ենք բավարար, և կարծում ենք՝ նա շարունակելու է աշխատանքը Շիրակի մարզում»,- ասաց նա:
