Եթե օտարերկրյա հաղորդման մեջ ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտելու դեպքեր լինեն, հաղորդումը կդադարեցվի. ԲՏԱ նախարար
Ցանցային օպերատորի՝ լիցենզիա ստացած անձի կողմից օտարերկրյա տեսալսողական ծրագրի գույքային իրավունքները տիրապետող անձի հետ ձեռք բերված գրավոր համաձայնության հիման վրա, տեսալսողական ծրագիրը կարող է վերահաղորդվել միայն կարգավորող պետական մարմնին թղթային կամ էլեկտրոնային ծանուցում ներկայացնելուց հետո: Այս մասին ԱԺ կրթության, գիտության, մշակույթի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում ասել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:
«Հաջորդ կետով՝ ցանցային օպերատորի լիցենզիա ստացված անձը, օտարերկրյա տեսալսողական ծրագրերում Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքին միջամտության բովանդակության բացառման պահանջների առերևույթ խախտման վերաբերյալ վարչական վարույթի հարուցման մասին կարգավորող պետական մարմնի կողմից տեղեկացվելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում դադարեցնում է տվյալ տեսալսողական ծրագրի վերահաղորդումը:
Մյուս կետով՝ օրենքի 9-րդ հոդվածի առաջին մասի դրույթների պահանջներին կամ օտարերկրյա տեսալսողական ծրագրերում, Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքին միջամտության բովանդակության հայտնաբերման առերևույթ խախտման վերաբերյալ վարչական վարույթի հարուցման դեպքում, կարգավորող պետական մարմնի պահանջը ստանալուց հետո՝ այն ցանցային օպերատորը, որը տվյալ օտարերկրյա տեսալսողական ծրագրի գույքային իրավքունքները տիրապետող անձի հետ ձեռք բերված գրավոր համաձայնության հիման վրա վերահաղորդում է իրականացնում, 15 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է տեսալսողական ծրագրերի կամ հաղորդումների տեսագրությունները կամ ձայնագրությունները։
Կարգավորող պետական մարմնի կողմից պահանջված տեսագրությունները կամ ձայնագրությունները կարող են չներկայացվել, եթե վարչական վարույթի հարուցման օրվա դրությամբ առերևույթ խախտման օրվանից անցել է 30 օր»,- նշել է նա:
