Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանն այցելել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա
Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանն այսօր այցելել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։
Այցի ընթացքում գեներալ Անիլ Չաուհանին ներկայացվել են ակադեմիայի կառուցվածքը, կրթական ծրագրերը, կուրսանտների մասնագիտական պատրաստման առանձնահատկությունները։
Ռազմական ակադեմիայում Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ Անիլ Չաուհանը մասնակցել է տեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիայի և հեռավար ուսուցման կենտրոնի բացման արարողությանը։
Այնուհետև գեներալ Անիլ Չաուհանն այցելել է ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարան, հանդիպել համալսարանի ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմի հետ, ծանոթացել համալսարանի գործունեության հիմնական ուղղություններին, հանդես եկել դասախոսությամբ։
