Մենք պետք է փոքր բիզնեսներին ազատենք հարկերից, ասենք՝ զարգացիր, ոչ մի հարկային չի գալու քո մոտ. Նարեկ Կարապետյան
Հայաստանում շուրջ 69,000 ընկերություն փոքր բիզնեսի ներկայացուցիչներ են: Փոքր բիզնեսի համար, վերջին երկու տարում, հարկերը կրկնապատկվել են՝ 5%-ից դարձել 10%: Այս մասին «Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլը Հայաստանի քաղաքացիների կյանքը փոխելու համար» քննարկմանն ասել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը:
«Մենք պետք է փոքր բիզնեսներին ազատենք հարկերից, որպեսզի տանք զարգանալու հնարավորություն:
Ովքե՞ր են լինելու շահառուները. գեղեցկության սրահներ՝ հարկերը լինելու են 0%, հացի փռեր՝ հարկերը լինելու են 0%, փոքր կրպակներ՝ ձեր հարկերը լինելու են 0%: Երբ փողոցով քայլեք, բոլոր ձեռնարկությունները, փոքր արտադրությունները, խանութները, որ կտեսնեք՝ այս ամենի արդյունքում իրենց վճարած հարկերը լինելու է 0%»,-նշել է նա:
Նարեկ Կարապետյանն ասել է, որ միակ խնդիրն այս ամենի հետ կապված այն է, որ միջին բիզնեսները չփորձեն իրենց մասնատել, դարձնել փոքր բիզնես: Նա հավելել է, որ դա հետևողականությամբ լուծելի է:
«Այս մոտեցմամբ տարեկան 2,000-3,000 հազար նոր ընկերություն կստեղծվի Հայաստանում։ Մենք պետք է փոքր բիզնեսին ասենք՝ զարգացիր, ոչ մի հարկային չի գալու քո մոտ»,-ասել է շարժման համակարգողը և ընդգծել, որ փոքր բիզնեսներից ստացված հարկերը ՀՀ բյուջեի 2-3%-ն է կազմում, որը, վստահաբար, կարող են ուրիշ ճանապարհով գտնել՝ հանգիստ թողնելով փոքր բիզնեսի ներկայացուցիչներին:
