Ուրբաթ օրվանից տեղեկություն չունենք, այս պահին էլ չենք կարողանում կապ հաստատել Իրանի մեր հայրենակիցների հետ. Զարեհ Սինանյան
Սիրիայի այս վիճակը մի տեսակ քրոնիկ է, ցավով եմ ասում, բայց մարդիկ արդեն սովորել են: Մեր դիրքորոշումը հետևյալն է. Հայաստանում շատ ավելի լավ է, եթե հնարավորություն ունեք, եկեք Հայաստան, հայրենիքում բնակվեք, որովհետև Սիրիայում ապագան մշուշոտ է: Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
«Հիմա Հալեպում կան բավականին լուրջ բախումներ կառավարական ուժերի և քրդական միավորումների միջև: Այս ամբողջ ընթացքում մենք մեր հայրենակիցների հետ կապի մեջ ենք, իսկ Իրանից ուրբաթ օրվանից տեղեկություն չունենք: Այս պահին էլ մենք չենք կարողանում կապվել մեր հայրենակիցների հետ, որը մեզ շատ է անհանգստացնում: Շարունակելու ենք կապ հաստատելու մեր ջանքերը»,-նշել է նա:
Նա հիշեցրել է, որ նման դեպք է եղել նաև Իսրայելի և Իրանի միջև պատերազմի ժամանակ, երբ տեղեկություն են փորձել ստանալ Մեղրիում, սահմանն անցնող հայրենակիցներից: Կարծում է՝ նույն միջոցներն այսօրվանից կսկսեն կիրառել, քանի որ այս տեղեկատվական դադարը շատ է անհանգստացնում:
