«Քարերի սիմֆոնիա» հուշարձանի ապօրինի սեփականաշնորհված հատվածը վերադարձվեց պետությանը

3025020-0-104-1000-667-1920x0-80-0-0-7cee6ed729b2271b0fe57c06d3350b86-1764836658345-770x_

Կոտայքի մարզի Գառնի համայնքի «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանի ապօրինի սեփականաշնորհված հողամասը վերադարձվեց Հայաստանի Հանրապետությանը: Այս մասին որոշումն ընդունվեց դեկտեմբերի 4-ի ՀՀ կառավարության նիստում:

«Գույքը գտնվում է Գառնի համայնքում «Բազալտե երգեհոն» հանրությանն առավել հայտնի՝ «Քարերի սիմֆոնիա» բնության հուշարձանի տարածքում, 0.1 հա մակերեսով հողամաս է: Պետական և համայնքային շահերի պաշտպանության լիազորության շրջանակում Կոտայքի մարզի դատախազության կողմից կատարվել է ուսումնասիրություն և ներկայացվել է միջնորդագիր: Արդյունքում՝ Գառնի համայնքի սեփականությունն է վերականգնվել նշված տարածքի նկատմամբ, որը բնության հուշարձանի տարածքում է գտնվում և հանդիսանում է բնության հատուկ պահպանվող տարածք»,-ասաց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:

Բնության հատուկ պահպանվող տարածքում գտնվող հողամասը կամրացվի ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը:

Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ Մասիս համայնքում գտնվող 1.92 հա մակերեսով հողամասը նվիրաբերվեց Հայաստանի Հանրապետությանը և ամրացվեց ՀՀ պաշտպանության նախարարությանը:

«ԴՕՍԱԱՖ համահայկական հայրենասիրական կազմակերպության գույքերից մեկին է վերաբերում որոշումը: Հաշվի առնելով, որ հողամասը հատուկ նշանակության է, առաջարկվել է հողամասն ամրացնել պաշտպանական գերատեսչությանը»,-նշեց Գլխավոր դատախազը:

Աննա Վարդապետյանը հավելեց՝ ԴՕՍԱԱՖ կազմակերպությանը պատկանող ևս 7 գույք է նախատեսվում առաջիկայում վերադարձնել Հայաստանին և ամրացնել տարբեր գերատեսչությունների: