ԱԺ-ն վավերացրեց ՀՀ-ԵՄ ճգնաժամային կառավարման գործողություններին Հայաստանի մասնակցության շրջանակը սահմանող համաձայնագիրը

screenshot-9-1764332187333-770x_

Ազգային ժողովը վավերացրեց «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև՝ ԵՄ ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի մասնակցության շրջանակը սահմանելու մասին» համաձայնագիրը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փաստաթղթի վավերացմանը կողմ քվեարկեց 55 պատգամավոր, 24-ը ձեռնպահ մնաց, դեմ քվեարկողներ չեղան։

Համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի հունիսի 30-ին և նախատեսում է սահմանել Հայաստանի մասնակցության ընդհանուր պայմանները ԵՄ ճգնաժամային կառավարման գործողություններին՝ բացառելով յուրաքանչյուր առաքելության համար առանձին ընթացակարգեր իրականացնելու անհրաժեշտությունը։

Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը նշել է, որ փաստաթուղթը հնարավորություն է տալիս առավել արդյունավետ օգտագործել ԵՄ փորձը և գիտելիքները ճգնաժամերի կառավարման ոլորտում։

Կոստանյանի խոսքով՝ Հայաստան–ԵՄ հարաբերություններում անվտանգային ու պաշտպանական համագործակցությունը շարունակաբար ընդլայնվում է։

Կոստանյանը նաև նշել է, որ Հայաստանը ցանկանում է ոչ միայն անվտանգության սպառող լինել, այլև մասնակցություն ունենալ Եվրամիության անվտանգային միջոցառումներին։