Վարդան Ղուկասյանն իրեն վերագրվող մեղադրանքը չի ընդունում․ պաշտպան

screenshot-2025-10-20-181045-1760969452498-770x_

Վարդան Ղուկասյանն իրեն վերագրվող մեղադրանքը չի ընդունում, այս մասին Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց նրա պաշտպան Արամայիս Հայրապետյանը։

«Նկարագրության մեծ մասը վերաբերում է 2024–ի դեկտեմբեր, 2025–ի փետրվար ամիսներին։ Այդ ժամանակ Վարդան Ղուկասյանը համայնքապետ չէր։ 6-7 դրվագից միայն մեկն է վերաբերվում Ղուկասյանի պաշտոնավարման ընթացքին»,–ասաց նա։

Լրագրողների հարցին, թե քիչ առաջ ում համար Շտապ օգնության խումբ եկավ կոմիտե, պաշտպանն ասաց․ «Հնարավոր է Վարդան Ղուկասյանի համար են եկել, քանի որ առավոտյան իրեն լավ չէր զգում»։

Հիշեցնենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ–հետախուզական վարչության կողմից ձեռնարկված մեծածավալ օպերատիվ–հետախուզական միջոցառումների և գաղտնի քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել Գյումրու համայնքի ղեկավարի և գլխավոր ճարտարապետի կողմից նախնական համաձայնությամբ կաշառք–գումարներ պահանջելու և ստանալու դեպքերի վերաբերյալ։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ութ անձանց, ներառյալ՝ համայնքի ղեկավարի նկատմամբ, կայացվել են հանրային քրեական հետապնդումներ հարուցելու և ձերբակալելու մասին որոշումներ։