Ձերբակալված կապանցիների մարմնում մարիխուանայով փաթեթներ են հայտնաբերվել

timthumb-1756288098666-770x_

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունն իրացվեց Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային և Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունների ծառայողների հետ:

Օգոստոսի 22-ին արտերկրից Հայաստան վերադարձած Կապան քաղաքի բնակչի մարմնում հայտնաբերվեց 4 գրամից ավելի ընդհանուր քաշով մարիխուանայով փաթեթներ:

Նույն համագործակցությամբ նմանատիպ տեղեկություն իրացվեց նաև օգոստոսի 23-ին։ Այս դեպքում ևս իրավապահների օպերատիվ տեսադաշտում արտերկրից ժամանած մեկ այլ կապանցի էր։ 28-ամյա տղամարդու մարմնում հայտնաբերվեցին 16 գրամից ավելի ընդհանուր քաշով մարիխուանայի փաթեթներ:

Երկուսն էլ ձերբակալվել են:

Նախաձեռնվել են քրեական վարույթներ թմրամիջոցի մաքսանենգության հատկանիշներով։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

You may have missed