Ուսանողությունը նորարարության առաջամարտիկն է՝ ներկայանալով որպես առանձնահատուկ համայնք․ Մխիթար Հայրապետյան

2025-08-26-20-53-44-1756227240239-770x_

Ծաղկաձորում ընթանում է «Հեքըթոն-2025»-ը՝ նորարարության և ծրագրավորման փառատոնը, որն այս տարի անցկացվում է օգոստոսի 26-29-ը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այսօր կայացավ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի «Գործնական հմտությունների կատարելագործում» բաղադրիչի շրջանակում իրականացվող ուսանողական հեքըթոնի բացման արարողությունը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ նշելով, որ ԲՏԱ նախարարությունը շատ է սիրում հեքըթոնային ձևաչափը, հետևաբար վերջին մեկ ու կես տարվա ընթացքում գերատեսչությունը տարատեսակ մի քանի առիթներ է ունեցել հեքըթոն կազմակերպելու։

«Բոլոր միջոցառումներն էլ հաջողել են, որովհետև այս ձևաչափն, ընդհանուր առմամբ, արդյունավետ է՝ տարիների ընթացքում կուտակած տեսական գիտելիքը պրակտիկ հողի վրա տեսանելի դարձնելու և լուծումներ առաջարկելու առումով։ Մեր համոզմամբ՝ այս ձևաչափը շատ ոգևորիչ է։ Ընդհանրապես հեքըթոնները չենք ընկալում լոկ որպես մրցույթ, այն ավելին է, որովհետև այստեղ ստեղծում ենք մի հարթակ ուսանողների համար, որտեղ նրանք կարող են հանդես գալ նորարար, ստեղծարար գաղափարներով, ընդ որում՝ սա մի հարթակ է, որտեղ հաղթողներ կամ պարտվողներ չկան»,- նշեց Հայրապետյանը։

Նա հավելեց, որ այստեղ, ըստ էության, մի տարածք է տրվում ուսանողներին, որտեղ նրանք ստեղծագործում են, գեներացնում նորարարական գաղափարներ, իսկ չհաջողելու դեպքում նորից փորձում են իրենց ուժերը և այդպես շարունակաբար գործում մինչև այն պահը, երբ առաջին հայացքից արտասովոր կամ խելահեղ, անհավանական թվացող գաղափարներն անգամ հանկարծ վերածվում են աշխատող մի կոդի, ալգորիթմի կամ մեխանիզմի։

«Սա մի տարածք է, որտեղ տվյալ միջոցառման համար սահմանված արդիական մի քանի ուղղությունների համատեքստում տրվում է կարևորագույն, բարդ խնդիրներ լուծելու հնարավորություն։ Խնդիրների լուծումն ուսանողներին պատվիրակելը կարևոր է այն առումով, որ առանձնապես իմ և մեր թիմի համոզմամբ՝ նորարարությունն ընդհանրապես գեներացնում է հենց ուսանողությունը, քանի որ բուհական, ակադեմիական միջավայրում է, որ ուսանողությունը նորարարության առաջամարտիկն է՝ ներկայանալով որպես առանձնահատուկ համայնք, որպես մեծ ուժ։ Այստեղ կարող ենք հետահայաց նայել ու տեսնել, որ տարբեր հեքըթոններից դուրս են գալիս խմբեր կամ անհատներ, ովքեր արդեն սեփական ուժերով շարունակում են իրենց ճանապարհը»,-ասաց ԲՏԱ նախարարը։

Հայրապետյանը ներկայացրեց մի օրինակ, երբ ընթացիկ միջոցառման մենթորներից՝ ավելի փորձառու և գիտակ մասնագետներից մեկը նախորդ տարվա դեկտեմբերին կայացած հեքըթոնի մասնակից ուսանողներից էր և աշխատում էր վերազգային ընկերություններից մեկում, իսկ հետագայում արդեն հիմնեց իր ստարտափը և այժմ հերթական հեքըթոնին մասնակցելով՝ պատրաստ է իր գիտելիքն ու փորձը փոխանցել երիտասարդ ուսանողներին։

«Սա գեղեցիկ և ոչ եզակի հաջողության պատմություն է, որը գալիս է ևս մեկ անգամ ապացուցելու հեքըթոնային ձևաչափի արդյունավետությունը, ուստի ցանկանում եմ, որ միջոցառումը լոկ չդիտարկենք որպես մրցույթ, այլ միմյանցից նոր գիտելիքներ ստանալու հնարավորություն։ Եվ եթե պիտի հաղթենք, ապա ինքներս մեզ ու մեր վախերը հաղթահարելու տարածք սա ընկալենք՝ շարժվելով առաջ։  Մենք բոլորս, որպես կազմակերպիչներ, այդուհանդերձ հաղթող ենք դուրս գալու հեքըթոնից, որովհետև սրան հաջորդելու են մեր կյանքում ոչ պակաս կարևոր իրադարձություններ, որոնք առավել իրական են դարձնելու այն լուծումները, որոնք այս հարթակում դուք մեզ առաջարկելու եք»,- եզրափակեց ԲՏԱ նախարարը։

Միջոցառմանը մասնակցում են Հայաստանի ուսումնական հաստատություններում սովորող 100-ից ավելի ուսանողներ: Միջոցառման ընթացքում թիմերը լուծում են տեխնոլոգիական ոլորտին առնչվող բազմաբնույթ խնդիրներ, իսկ հաղթող թիմերը փառատոնի փակման արարողության ժամանակ կստանան դրամական մրցանակներ։  1-ին տեղի համար սահմանված է 2.5 միլիոն դրամ, 2-րդ տեղի համար՝ 1.5 միլիոն դրամ, 3-րդ տեղի համար՝ 1 միլիոն դրամ:

Հեքըթոնի ընթացքում անցկացվում նաև մասնագիտական սեմինարներ և քննարկումներ նախարարության, բիզնեսի, ստարտափների, ուսանողների, ինչպես նաև գիտական և կրթական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: