Տանկերը շալակեր, տանե՞ր. պատերազմից վեց ամիս առաջ կարգադրություն է եղել տանկերը չօգտագործել, յուղն անորակ է. Սեյրան Օհանյանի որդու պաշտպան
Օհանյանին մեղադրում են, որ բոլոր տանկերը տեղ չեն հասել: Ի՞նչ պիտի աներ, տանկերը շալակեր, տանե՞ր: Տանկ է, փչացել է, ի՞նչ անենք: Դեպքից (պատերազմից) վեց ամիս առաջ կամ մի քիչ ավելի շուտ զորամասը ստանում է գրություն պաշտպանության զարգացման ծառայությունից, որ տանկերը և տեխնիկան՝ նաև ԲՄՊ-ները, չօգտագործեն ուսումնական պարապմունքների ժամանակ, այսինքն՝ խոդ չտան, քանի որ մեջի յուղը անորակ է, գրավոր ստանում է կարգադրություն: Այս մասին «Լելե Թեփե»-ի գործով դատական նիստի ժամանակ ասել է մեղադրյալներից մեկի՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի որդու՝ գնդապետ Արթուր Օհանյանի պաշտպանը:
Նա նշել է, որ այդ ամենի համար մեղադրյալը պատասխանատու չէ:
«Ի՞նչ պիտի աներ Օհանյանը, գնար, իր գրպանից կամ չգիտեմ որտեղից ավելի որակով յուղ ճարեր, բերե՞ր», — ասել է պաշտպանը:
Նա նաև անդրադարձել է այն մեղադրանքին, թե Օհանյանը չի կատարել մարտական առաջադրանքը, այնինչ, ըստ պաշտպանի, նա մարտի է մտել հակառակորդի մեծածավալ ուժերի դեմ, ստացել վիրավորում, որի զեկուցումից հետո տեղափոխվել է հոսպիտալ և մարտական առաջադրանքի հրամանատարությունը փոխանցվել է Արթուր Օհանյանի տեղակալին:
