Մեղադրական շեշտադրումներ են, ոչ թե խաղաղության ու երկխոսության կոչ. ՔՊ-ն դեմ քվեարկեց «Պատիվ ունեմ»-ի հայտարարության նախագծին
ՔՊ-ն դեմ քվեարկեց «Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացրած հայտարարությանը, որը վերաբերում է Հայրենական պատերազմի 80-ամյակին:
Հայտարարության մեջ նշվում է, որ 80 տարի առաջ նացիստական Գերմանիան պարտվեց, բայց դժբախտաբար ֆաշիզմի, այլատյացության ու անհանդուրժողականության դրսևորումներն այսօր էլ ոչ միայն գոյություն ունեն, այլ նաև ակտիվորեն կիրառվում և պարբերաբար կյանքի են կոչվում աշխարհի տարբեր անկյուններում։
«2023 թ. սեպտեմբերին Ադրբեջանը կազմակերպեց Արցախի բնիկ հայերի էթնիկ զտումներ, որը հանգեցրեց այնտեղ հազարամյակներով ապրող ողջ հայ բնակչության բռնի տեղահանման։
Սա ի՞նչ է, եթե ոչ ֆաշիզմի դասական դրսևորում։
Եվ եթե ժամանակին գերմանական ֆաշիզմն ու դրա պարագլուխները դատապարտվեցին, ապա նեոֆաշիզմի գաղափարախոսները հանդես են գալիս կեղծ թեզերով՝ չարժանանալով քաղաքակիրթ մարդկության պատշաճ դատապարտմանն ու պարսավանքին։
Մենք համոզված ենք, որ քաղաքակիրթ մարդկությունն իր վճռական «ոչ»-ը պետք է ասի 21-րդ դարում ֆաշիզմի և նացիզմի ցանկացած դրսևորմանը»,- նշվում է հայտարարության մեջ:
Հանձնաժողովի նիստում հայտարարության տեքստը ներկայացրել է խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը նշեց, որ ֆաշիզմի դեմ տարած հաղթանակը ամբողջ մարդկության համար է մեծ իրադարձություն, որը հնարավոր է դարձել բազմաթիվ պետությունների և ժողովուրդների միասնական պայքարի շնորհիվ:
«Այսօր քննարկվող հայտարարության տեքստում այդ համամարդկային համագործակցությունը գրեթե անտեսված է, ամբողջ շեշտը դրված է միայն Խորհրդային Միության վրա՝ առանց խոսելու այն երկրների մասին, որոնք ոչ պակաս վճռորոշ դեր են ունեցել այս հաղթանակի ապահովման գործում՝ այդ թվում Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և շատ այլ պետություններ»,- ասաց նա:
Ըստ Հակոբյանի՝ բացի այդ, արհեստականորեն իրար են կապվում 47 տարվա տարբերությամբ տեղի ունեցած երկու իրադարձություններ։ Եվ այսպիսի զուգահեռները որևէ առնչություն չունեն իրենց բնույթով, պատմական ժամանակով և միջազգային ընկալմամբ։
«Վերջապես, այդ հայտարարությունը, որի բուն իմաստը պետք է միավորող լիներ պատմական ճշմարտության շուրջ, իրականում դառնում է բաժանարար գիծ: Այն չի միավորում քաղաքական ուժերին, հանրությանը ֆաշիզմի դեմ պայքարի գաղափարի շուրջ: Հիմնականում մեղադրական շեշտադրումներ են, ոչ թե խաղաղության ու երկխոսության կոչ»,-ասաց նա և հայտարարեց, որ իրենք դեմ կքվեարկեն:
