Հնարավորությունների պատուհան է բացվել Ուկրաինայի հակամարտությունը լուծելու համար. Էրդողանը՝ Պուտինին

15719402735db1e7b1946c6482575756-770x_

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՌԴ նախագահ Պուտինին հայտնել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններ վարելու Թուրքիայի պատրաստակամության մասին, գրում է ՌԻԱ Նովոստին:

Թուրքիայի նախագահն ասել է, որ «հնարավորությունների պատուհան» է բացվել Ուկրաինայի հակամարտությունը լուծելու համար։ Նա նաև Ռուսաստանի նախագահին ասել է, որ համապարփակ զինադադարը բանակցությունների համար անհրաժեշտ մթնոլորտ կստեղծի։

Հիշեցնենք, որ Ռուսաստանն Ուկրաինային առաջարկել է մայիսի 15-ին, Ստամբուլում առանց նախապայմանների վերսկսել ուղիղ բանակցությունները, որոնք ընդհատվել էին 2022 թվականին:

«Մենք առաջարկում ենք առանց հետաձգման սկսել հաջորդ հինգշաբթի՝ մայիսի 15-ին, Ստամբուլից, որտեղ դրանք (բանակցությունները) անցկացվել են ավելի վաղ և որտեղ ընդհատվել են», – ասել է Պուտինը։

Նրա խոսքով, վաղը ծրագրված է զրույց  իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում նա կհարցնի բանակցություններ վարելու հնարավորության մասին։ Պուտինը չի բացառել նոր, «իրական զինադադարի» շուրջ համաձայնության հասնելու հնարավորությունը։

ՌԴ նախագահն ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է առանց նախապայմանների բանակցությունների։ «Մենք պատրաստ ենք Ուկրաինայի հետ լուրջ բանակցությունների», – վստահեցրել է Պուտինը։ Երկրի ղեկավարը դրանց իմաստը որակել է որպես «հակամարտության արմատական ​​պատճառների վերացում» և «պատմական հեռանկարում երկարաժամկետ, տևական խաղաղության հաստատմանն ուղղված քայլեր»։

«Մենք չենք բացառում, որ այս բանակցությունների ընթացքում հնարավոր կլինի պայմանավորվել ինչ-որ նոր  և իրական զինադադարի շուրջ»,- ասել է Պուտինը։