Ձեր «իրական Հայաստանը» Ադրբեջանի «Արևմտյան Ադրբեջանն է». Քրիստինե Վարդանյանը՝ իշխանությանը

1b4183c3e26dd43e7e7383781ca1ca88-1680259500-770x-770x_

Նիկոլ Փաշինյանն այստեղից փորձում է համոզել մեզ, որ ժողովո՛ւրդ ջան, ձեզ սխալ է թվում, ձեր հարկերը չեն բարձրացել, ձեր կյանքն ավելի լավացել է, այդ 25%-անոց գնաճը, որ կա ու Երևանը, որ երևի տարածաշրջանի ամենաթանկ քաղաքներից մեկն է դարձել, դա ձեզ ընդամենը թվում է: Այս մասին ԱԺ-ում իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:

«Երևանում հինգ րոպե անձրև է գալիս, Երևան քաղաքում ճգնաժամ է, ձյուն, որ գալիս է, կատաստրոֆա է լինում, բայց դա ձեզ ընդամենը թվում է, դա միրաժ է, դուք լսեք Նիկոլ Փաշինյանի թվերը և ներկայացրած արդյունքները: Ըստ դրանց ձեր եկամուտներն ավելացել են, ձեր թոշակն ավելացել է ու դուք հիմա ավելի- ավելի բարեկեցիկ եք ապրում։ Այս հարցին իրենք Հայաստանի քաղաքացին ավելի բարեկեցի՞կ է ապրում, թե՝ չէ, թող պատասխանի Հայաստանի այն քաղաքացին, որ 2018-ի համեմատությամբ ում համար հացի գինն ավելացել է 35%-ով 440 դրամից դառնալով 600 դրամ, ում համար մակարոնն աճել է գրեթե էլի նույն քան, 490 դրամից դառնալով 740 դրամ։ Մթերքի գները տեսե՞լ եք դուք հիմա ընդհանրապես, մրգի գները տեսե՞լ եք, տրանսպորտը 50%-ով է թանկացել»,- հայտարարեց պատգամավորը:

Վարդանյանը շարունակեց, թե կրթելուց են խոսում: «Նիկոլ Փաշինյանից ու Աննա Հակոբյանից ի՞նչ պիտի սովորենք, ի՞նչ պիտի սովորեցնեն: Մի հարցում ես ձեզ հետ համաձայն եմ, դուք ռեբրենդինգի մաստեր կլաս եք ցույց տալիս»,- ասաց նա:

Ըստ Վարդանյանի՝ այստեղ պետք է նրանցից սովորեն, որովհետև իշխանությունն Ալիևի ծրագիրն այստեղ ռեբրենդինգ է անում:

«Ձեր, «իրական Հայաստանը» Ադրբեջանի «Արևմտյան Ադրբեջանն է»: Շատ վախենալու է հնչում, համաձայն եմ և պիտի վախենալու հնչի, հո չէիք գալու ասեք՝ մենք «Արևմտյան Ադրբեջան» ենք այստեղ կառուցում, պիտի գայիք և դա փաթեթավորեիք, ու դրա փաթեթավորումը դուք այդ «իրական Հայաստան» կոնցեպտի ներքո եք իրականացնում:  Եվ ձեր երշիկ-կալբասային այդ կոնցեպտն ինչքան էլ ուզենաք «Արևմտյան Ադրբեջանը» դրանով թաքցնել, դա ձեր մոտ չի ստացվելու»,- ասաց նա։