ԵՄ-ին անդամակցելու ցանկությունը Երևանի ինքնիշխան իրավունքն է. Պեսկով
![29_upload_iblock_de3_de3cf831d15830c5e6a7eed8434a2dc4.thumb](https://norlur.am/wp-content/uploads/2025/02/29_upload_iblock_de3_de3cf831d15830c5e6a7eed8434a2dc4.thumb_.jpg)
ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի ցանկությունը Երևանի ինքնիշխան իրավունքն է. այս մասին, ՌԻԱ «Նովոստի»-ի փոխանցմամբ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով այսօր ԱԺ-ում «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախագծի ընդունումը:
«Իհարկե, հայերն իրենք և մնացած բոլորը պետք է հասկանան, թե որքանով է այդ ցանկությունը փոխադարձ, ինչպես են դրան վերաբերվում եվրոպացիները: Մենք տեսել ենք շատ երկրների փորձը, որոնք դրվել են երկար հերթի մեջ… հերթ, որը կարելի է տասնամյակներով չափել», – ասել է նա:
Ազգային ժողովը փետրվարի 12-ի նիստին առաջին, երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է մի շարք նախագծեր: Առաջին ընթերցմամբ ընդունված նախագծերի թվում է «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախագիծը: Այն ԱԺ-ում ներկայացրել է նախագծի նախաձեռնող խմբի անդամ Արտակ Զեյնալյանը: Նախաձեռնող խումբը 1 ամսում հավաքել էր ավելի քան 60 հազար քաղաքացու ստորագրություն, ըստ այդմ՝ Կառավարությունը հաստատել էր համապատասխան որոշման նախագիծը, որը քննարկման էր ներկայացվել ԱԺ-ում:
ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի օրինագիծն ընդունվել է 64 կողմ, 7 դեմ ձայների հարաբերակցությամբ:
Օրենքի նախագծում նշվում է՝ ՀՀ-ն, արտահայտելով ժողովրդի կամքը, խնդիր դնելով Հայաստանը դարձնել անվտանգ, ապահով, զարգացած, բարեկեցիկ երկիր, հայտարարում է ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցելու գործընթացի մեկնարկը:
«Հայաստան» խմբակցությունը հայտարարել է, որ չի մասնակցելու քվեարկությանը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հայտարարել է, որ կողմ է քվեարկելու նախագծին, «Պատիվ ունեմ» խմբակցությունն ավելի վաղ հայտարարել էր, որ դեմ է քվեարկելու: