Ուրուգվայը հնարավորինս կաջակցի խաղաղությանն ուղղված Հայաստանի ջանքերին․ դեսպանը՝ Խաչատուրյանին
![63030-770x_](https://norlur.am/wp-content/uploads/2025/02/63030-770x_.jpg)
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ ընդունել է Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նորանշանակ դեսպան Էդուարդո Ռոսենբրոկ Բիդարտին:
Ողջունելով դեսպանին նախագահը շնորհակալություն է հայտնել նրան դիվանագիտական ծառայության ընթացքում երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում ներդրած ավանդի համար և հույս է հայտնել Հայաստանի և Ուրուգվայի համագործակցության հետագա ընդլայնման վերաբերյալ:
Դեսպան Էդուարդո Ռոսենբրոկ Բիդարտը շնորհակալություն է հայտնել ընդունելության և դիվանագիտական առաքելության ընթացքում հայկական կողմի ցուցաբերած հյուրընկալության և աջակցության համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են թվայնացման, բարձր տեխնոլոգիաների և մի շարք այլ ոլորտներում երկրների փոխգործակցության ներուժին առնչվող հարցերի լայն շրջանակ: Ընդգծվել է երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների և խորհրդարանական դիվանագիտության խթանման կարևորությունը շարունակական համագործակցության զարգացման տեսանկյունից: Այս առումով բարձր է գնահատվել երկու երկրներում ռեզիդենտ դեսպանությունների հիմնումը, ինչը վկայում է Հայաստանի և Ուրուգվայի համագործակցության և քաղաքական երկխոսության հնարավորինս սերտացման ուղղությամբ ջանքերի ներդրման մասին։
Կողմերն ընդգծել են միջազգային հարթակներում երկու երկրների արդյունավետ համագործակցության կարևորությունը, ինչպես նաև շեշտել տարածաշրջանում միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների պահպանմամբ կայուն և հարատև խաղաղության հաստատման անհրաժեշտությունը:
Հանրապետության նախագահն այս համատեքստում նշել է, որ Հայաստանը շարժվում է խաղաղության օրակարգով, ինչին ի պատասխան դեսպանը շեշտել է ուրուգվայական կողմի սկզբունքային դիրքորոշումը՝ հնարավորինս աջակցել խաղաղությանն ուղղված ջանքերին: