«Ալեն Սիմոնյանի ճղճիմ խոսույթին միանո՞ւմ եք», «Եթե Ձեր հայրիկը ինձ հետ բանավիճելու բան չունի, ես ընդհանրապես Ձեզ հետ բանավիճելու բան չունեմ». քննարկում ԱԺ-ում

mycollages_31-770x_

Երեկ Ալեն Սիմոնյանի ճղճիմ խոսույթին դուք միանո՞ւմ եք, թե պատրաստ եք այստեղ ներողություն խնդրել Ձեր թիմակցի համար: Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արցախցի լրագրողին ասել էր՝ մնայիք Ղարաբաղում, դուրս չգայիք այնտեղից: Վերջում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, թե իր ասածը վերաբերել է միայն 15 հոգու:

Լևոն Քոչարյանը նաև նշեց, որ ՀՀ-ն երկար տարիներ շարունակ եղել է Արցախի անվտանգության երաշխավորը: «2018-ից հետո ասացիք զրոյական կետից եք բանակցային գործընթացը սկսելու, բանակցային գործընթացի ձախողելուց հետո բանը հասավ պատերազմին ու բոլորս գիտենք՝ ինչ եղավ, դրանից հետո Ալիևի ու Էրդողանի մոտ ճանաչեցիք Արցախն Ադրբեջանի կազմում, դրանից հետո Արցախը հայտնվեց շրջափակման մեջ ճանապարհը փակվեց, ի վերջո ենթարկվեցին էթնիկ զտման»,- ասաց նա:

Ի պատասխան Փաշինյանը նշեց, որ դեռ պետք է պարզել խոսակցություններից, որոնք են ճղճիմ, որոնք են ոչ ճղճիմ: «Դուք այս և տարբեր ամբիոներում առանց կաշկանդվելու արտահայտում եք ձեր կարծիքը, ուրիշներն էլ իրավունք ունեն արտահայտել իրենց կարծիքը: Ձեր հարցի մեջ այնքան փաստական սխալներ կան, որոնց եթե ես անդրադառնամ կպարզվի, որ Դուք ունեք ներողություն խնդրելու կարիք, բայց ես Ձեզնից նման բան չեմ ակնկալում, որովհետև անիմաստ է Ձեզնից նման բան ակնկալելը և նույնիսկ, եթե անիմաստ չէ, Ձեր ներողությունը կամ դրա բացակայությունը, պարզապես այս համատեքստում որևէ արժեք չունեն»,- ասաց Փաշինյանը:

Նա հավելեց, որ եթե այդ բանակցային գործընթացը հաջողված լիներ, նոր եկողը կասեր՝ այ էս ինչ լավ եք բանակցել, եկեք դափնիները վերցնենք մեզ էդ հաջողված բանակցային գործընթացի:

«Սա նրանից է, որ մենք չենք առերեսվում ճշմարտությունների հետ: Ձեր հայրիկին ու մնացած գործընկերնեին առաջարկեցի բանավիճենք, Դուք ասացիք, որ բանավիճելու բան չունեք, Ձեր հայրիկի փոխարեն պատասխանեցիք, հիմա ի՞նչ եք եկել էստեղ բանավիճում, ունե՞ք բանավիճելու բան, թե՝ չունեք: Եթե ձեր հայրիկն իմ հետ բանավիճելու բան չունի, ես ընդհանրապես Ձեզ հետ բանավիճելու բան չունունեմ»,- ասաց նա: