Կրեմլն արձագանքել է Ալեն Սիմոնյանի՝ Մոսկվայի միջնորդության մասին հայտարարությանը
![capture_133-770x_](https://norlur.am/wp-content/uploads/2025/02/capture_133-770x_.jpg)
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է պատրաստ լինել աջակցել Երևանի և Բաքվի միջև բանակցություններին, սակայն երկրներն ի վիճակի են բանակցություններն ինքնուրույն վարել։
Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հիշեցնելով, որ այսօր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ Հայաստանը դժվար թե ընդունի Ռուսաստանի միջնորդությունը Ադրբեջանի հետ բանակցություններում։
«Երևանից տարբեր մակարդակներում մենք հայտարարություններ ենք լսել, որ միջնորդների կարիք չկա: Երևանը և Բաքուն ի վիճակի են ինքնուրույն շարունակել այդ բանակցությունները մինչև գործընթացի ավարտը։ Թեև մենք շարունակում ենք պատրաստ լինել տրամադրել ցանկացած հնարավոր օգնություն, մենք կողջունենք անկախ ջանքերը: Գլխավորն այն է, որ տարածաշրջանը՝ Հարավային Կովկասը, մնա կանխատեսելի, խաղաղ, վերածվի բարգավաճման և համագործակցության տարածքի»,- լրագրողներին ասել է նա՝ մեկնաբանելով Սիմոնյանի հայտարարությունները։
Հիշեցնենք, որ ճեպազրույցում Սիմոնյանը նշել էր, որ քիչ հավանական է համարում Մոսկվայի միջնորդական ջանքերն ընդունելու առաջարկները:
«Քիչ հավանական եմ համարում, բայց մենք յուրաքանչյուր առաջարկ, եթե դա կոնկրետ է լինում, քննարկում ենք և պատրաստ ենք քննարկել, բայց անցած փորձը շատ վատ հուշեր է թողել և վերջիվերջո մենք չունենք շատ հարցերի պատասխաններ»,- ասել է ԱԺ նախագահնը՝ անդրադառնալով պաշտոնական Մոսկվայի առաջարկներին, թե կարող են միջնորդ լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հարցում: