Բաքվում «Ռուսական տուն»-ը դադարեցնում է իր գործունեությունը
![capture_134-770x_](https://norlur.am/wp-content/uploads/2025/02/capture_134-770x_.jpg)
Բաքվում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչությունը ( «Ռուսական տուն», Русский дом) միջոցներ է ձեռնարկում դադարեցնելու իր գործունեությունը, ասվում է ներկայացուցչության հաղորդագրության մեջ։ Այս մասին հայտնում է «Սպուտնիկ» գործակալության ադրբեջանական ծառայությունը;
«Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պահանջի կապակցությամբ «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչությունը՝ Բաքվում «Ռուսական տուն»-ը միջոցներ է ձեռնարկում դադարեցնելու իր գործունեությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ փետրվարի 3-ին պաշտոնապես նոտա է հղել ռուսական կողմին՝ երկրում «Ռուսական տան» գործունեությունը դադարեցնելու մասին։
«Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար Եվգենի Պրիմակովը հայտնել էր, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն նոտա է հղել Մոսկվային՝ կոչ անելով դադարեցնել Բաքվում «Ռուսական տան» գործունեությունը պատշաճ գրանցման բացակայության պատճառով։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իր հերթին ասել է, որ Ռուսաստանը Բաքվում «Ռուսական տան» փակումը համարում է թյուրիմացություն և ակնկալում է կարգավորել իրավիճակը։
«Մենք ցավում ենք դրա համար, կարծում ենք, որ սա թյուրիմացություն է, որը կարող է լուծվել երկկողմանի շփումների արդյունքում»,- ասել է նա լրագրողներին։