Մակրոնը վերահաստատել է Ֆրանսիայի վճռականությունը՝ աջակցելու Հայաստանի ամբողջականությանը և տարածքային ինքնիշխանությանը
![53359-b-770x_](https://norlur.am/wp-content/uploads/2025/02/53359-b-770x_.jpg)
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակը։ Ֆրանսիայի ղեկավարը վերահաստատել է Ֆրանսիայի լիակատար աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և միջազգային իրավունքին համապատասխան խաղաղության պայմանագրի ստորագրմանը։
Ըստ Ելիսեյան պալատի հաղորդագրության՝ նա նաև վերահաստատել է Ֆրանսիայի վճռականությունը՝ աջակցելու Հայաստանի ամբողջականությանը և տարածքային ինքնիշխանությանը և հայ ժողովրդի՝ խաղաղության, անվտանգության և ժողովրդավարության ձգտումներին։
Մինչդեռ ՀՀ կառավարության հաղորդագրության մեջ նշվում էր, որ հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, սահմանազատման ուղղությամբ ընթացող զարգացումներին, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակում։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ՀՀ Կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին: Քննարկվել են նաև տարածաշրջանային նշանակության մի շարք այլ հարցեր։