Վաղարշապատի քաղաքապետը 13.6 միլիոն դրամի պայմանագիր է կնքել սկեսրայրի հետ
![snimok_153-770x_](https://norlur.am/wp-content/uploads/2025/02/snimok_153-770x_.png)
Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը 13.6 միլիոն դրամի պայմանագիր է կնքել իր սկեսրայրի հետ՝ սեղմված բնական գազ ձեռք բերելու համար։ Ավելի վաղ նրա ամուսնու ծնողները հայտնվել էին Վաղարշապատում ապօրինի շինարարություն իրականացնելու սկանդալի կենտրոնում։ Սրան զուգահեռ Դիանա Գասպարյանի ՔՊ-ական ամուսնու՝ Արամայիս Միրզոյանի գույքի, եկամուտների հայտարարագրում կան էական անհամապատասխանություններ նրա եկամուտների և հայտարարագրած դրամական միջոցների միջև։ Գրում է «Ազատությունը»։
Վաղարշապատի քաղաքապետ Դիանա Գասպարյանը 13.6 միլիոն դրամի պայմանագիր է կնքել սկեսրայրի՝ անհատ ձեռնարկատեր Աշոտ Միրզոյանի հետ՝ սեղմված բնական գազի ձեռքբերման համար։ Պայմանագիրը կնքվել է հունվարի 27-ին։
Ըստ դրա՝ Աշոտ Միրզոյանի գազալցակայանում Վաղարշապատի համայնքապետարանի կարիքների համար պետք է կատարվեն լիցքավորումներ։ Միրզոյանը գազալցակայանը հիմնել է 2020-ին, այն գտնվում է Էջմիածին-Արտիմետ խճուղի 1 հասցեում։ Գազալցակայանի անհրաժեշտ թույլտվությունները Միրզոյանը ստացել էր ապագա հարսից՝ Դիանա Գասպարյանից, երբ վերջինս արդեն Վաղարշապատի քաղաքապետն էր։
Սեղմված գազի ձեռքբերման գնումն իրականացվել է էլեկտրոնային աճուրդի ընթացակարգով։ Ըստ Gnumner.am հարթակի՝ մրցույթին բացի Աշոտ Միրզոյան ԱՁ-ից մասնակցել են նաև «Լի գազ» և «Տնկարան» ՍՊԸ-ները։ Ամենացածր գնային առաջարկ ներկայացրել է Դիանա Գասպարյանի սկեսրայրը, ում վերջին գնառաջարկը «Տնկարան»-ից պակաս է եղել 133 հազար դրամով, և պայմանագիրը շնորհվել է Միրզոյանին։
Հայաստանում հանրային ծառայության մասին օրենքը սահմանում է, որ եթե պաշտոնյայի կողմից իր լիազորությունների շրջանակում գործողության կատարումը կամ որոշման ընդունումը կարող է հանգեցնել շահերի բախման, ապա պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է իր վերադասին ներկայացնել գրավոր հայտարարություն շահերի բախման մասին։ Համայնքապետերը քանի որ չունեն վերադաս մարմին, շահերի բախման հանգամանքների վերաբերյալ պետք է հայտարարություն ներկայացնեն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։ Մինչ այդ պաշտոնատար անձը պետք է ձեռնպահ մնա հարցի վերաբերյալ որոշում կայացնելուց։
Հանձնաժողովից «Ազատությանը» տեղեկացրել են, որ շահերի բախման վերաբերյալ որևէ հայտարարություն կամ դիմում Վաղարշապատի քաղաքապետից չեն ստացել, իսկ Դիանա Գասպարյանը ձեռնպահ չի մնացել գործողություն կատարելուց և ստորագրել է համապատասխան պայմանագիրը Աշոտ Միրզոյանի հետ։
Պատասխանելով «Ազատության» գրավոր հարցմանը՝ Դիանա Գասպարյանը վստահեցրել է, որ Վաղարշապատի համայնքապետարանի գնման հանձնաժողովը գնումն իրականացրել է էլեկտրոնային եղանակով, ուստի անձնապես չի տեսել ու չի նույնականացրել որևէ մասնակցի:
«Ձեր կողմից ստացված դիմումից հետո համայնքապետարանը հետամուտ է եղել գնումների ընթացակարգով հաղթող ճանաչված ԱՁ-ն նույնականացնելուն ու ձեռնարկել քայլեր՝ իրավիճակը իրավական կարգավորմանը համապատասխանեցնելու համար»,-ասված է Դիանա Գասպարյանի կողմից մեզ ուղարկված պատասխանում։
Անդրադառնալով շահերի բախման առկայությանը՝ Վաղարշապատի համայնքապետը նշել է, որ ապագայում նմանատիպ իրավիճակներից խուսափելու համար նախատեսում է վերանայել ներքին վերահսկողության մեխանիզմները։
Նույնիսկ եթե Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պարզի, որ գործարքի ժամանակ եղել է շահերի բախում, Հայաստանի օրենսդրությունը չի նախատեսում պայմանագրի չեղարկում, ոչ էլ խոշոր տուգանքներ։ Հանձնաժողովն առավելագույնը կարող է վարույթ հարուցել և 300 հազար դրամով տուգանել պաշտոնատար անձին։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։