cropped-cropped-IMG_3536.png

Ստեփանավանի շենքերից մեկի հրդեհի հետևանքով անօթևան մնացածների մի մասը տեղավորվել է հյուրանոցում. Լոռու մարզպետը մանրամասներ է հայտնել

photo-5276505033128666372-x-770x_

Այս պահին արվում է Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի փայտե շենքի հրդեհի հետևանքով անօթևան մնացածների առաջնային կարիքների գնահատում: 1lurer.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը:

«Տարհանված բնակիչներն այս պահին հյուրանոցում են գտնվում: Իհարկե, կան անձինք, որոնք իրենց բարեկամների տներն են գնացել: Հյուրանոցներում ստեղծված են անհրաժեշտ պայմաններ, որ նրանք, ովքեր ցանկանում են մնալ այդտեղ, մնան, իսկ ովքեր ցանկանում են մնալ բարեկամների տանը, մնան: Առաջիկայում վարձով տներ ենք ձեռք բերելու, և բնակիչները ոչ մի վայրկյան դրսում չեն մնալու»,- ասաց մարզպետը:

Նրա խոսքով՝ նախնական տվյալներով՝ շենքում փաստացի 32 բնակվող է եղել․ 54 գրանցված բնակիչ ուներ շենքը:

Հիշեցնենք՝ այս փայտե շենքի բնակիչների համար Կառավարության ֆինանսավորմամբ ավելի վաղ էր բնակարանաշինական ծրագիր մեկնարկել: 10 մլրդ դրամ արժողությամբ բնակապահովման ծրագրի արդյունքում բոլորը, ըստ Լոռու մարզպետի, փուլային տարբերակով տեղափոխվելու էին իրենց նոր տներ:

Ավելի վաղ հայտնել էինք՝ այսօր՝ փետրվարի 8-ին՝ ժամը 04։42-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի շենքերից մեկում։

Պարզվել էր, որ հրդեհը բռնկվել է փայտե շենքի 2-րդ հարկում և տանիքում (մոտ 450 քմ)։

Փրկարարները շենքից տարհանել էին 27 բնակչի։