Մեր երկիր ունենալու գինը հարկեր վճարելն է, եթե չանենք դա, հարկեր կվճարենք այլ պետության, բայց դա էլ պետք է լինի տանելի պայմաններում. Հայկ Սարգսյան
Ֆինանսների նախարարության, ՊԵԿ-ի հետ մենք հաճախ զրույցներ ենք ունենում, թե ոնց պետք է անենք, որ ճիշտ կարգավորվի և մեր հարկային համակարգը և հարկային բեռը ճիշտ բաշխվի։ Այս մասին ԱԺ-ում հարկային փոփոխությունների հարցի քննարկման համար հրավիրված հանդիպմանն ասաց ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը:
Պատգամավորը նշեց, որ մեզ պետք է, որպեսզի հարկ վճարեն բոլորը, մեր երկրում չլինի մարդ, ով հարկ չի վճարում, բայց հարկերը պետք է լինեն խելամիտ:
«Պետք է հարկերը վճարվեն տանելի պայմաններում, եթե չասեմ հաճույքով, որովհետև դա է մեր երկիր ունենալու գինը: Հաճախ, երբ ասում են՝ էլի ուզում եք մտնել քաղաքացիների գրպանները, ուզում եմ մի հատ բան ասել, որ, ցավոք սրտի, մեր երկիրը չունի այլ եկամուտներ, մենք չունենք նավթային եկամուտներ, և մեր երկրի պետական բյուջեի մուտքերը մեծամասամբ, եթե չասեմ ամբողջությամբ, դրանք հարկային մուտքերն ու տուրքերն են։ Այսինքն, եթե մենք բոլորով հարկային մուտքեր ու տուրքեր չունենանք, չենք ունենա պետություն: Ինչը լավ ճանապարհ չի լինելու ու շատ արագ հայտնվելու ենք այլ պետության կազմում ու հարկեր ենք վճարելու այլ պետությանը»,- ասաց նա:
Սարգսյանը նշեց, որ այդ իսկ պատճառով պետք է բոլորով քննարկել ու ճիշտ հարկային քաղաքականություն վարել: «Պետք է վարչարարությանն այնպես նայել, որ բարեխիղճ տնտեսվարողները չտուժեն, որովհետև հաճախ հնչում է, որ կան ստվերում գտնվող տնտեսվարողներ, ովքեր շուկայի գինը գցում են ու բարեխիղճ հարկ վճարողները անբարեխիղճների հետ հայտնվում են ոչ մրցակցային պայմաններում և դուրս են մնում շուկայից։ Սա էլ է պետք ֆիքսել, որ մենք պետք է սրա ուղղությամբ էլ շարժվենք»,- ասաց նա:
Պատգամավորն ասաց, որ ունի մեծ ծրագիր, թե ինչպես կարող են ստվերը կրճատել և հասցնել զրոյի և որ առաջիկայում դրա մասին կխոսի։ «Երկու բառով ասեմ, խոսքը վերաբերվում է պետական քեշբեքի համակարգին, որը ես ցանկանում եմ առաջարկել, որպեսզի մեր կառավարությունը ներդնի, որի արդյունքում կունենանք «3 միլիոն տեսուչ», այսինքն, մեր քաղաքացիներ, փորձելով օգտվել քեշբեքի համակարգից, իրենց դերը կստանձնեն որպես պետական եկամուտների կոմիտեի աշխատող»,- պարզաբանեց նա: