Երևանի մետրոպոլիտենում տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով կա 5 կալանավորված անձ: Այս մասին Tert.am-ին ասաց ՔԿ նախագահի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 1-ին ժամը 21:32-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ Մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» և «Հանրապետության հրապարակ» կայարանների միջակայքում` բաց հատվածում, դիմակավորված անձինք ներկ են փչում գնացքի վագոնների վրա։ Րոպեներ անց կրկին ահազանգ է ստացվել, որ նույն անձինք քարեր են նետում գնացքի ուղղությամբ և թույլ չեն տալիս, որ այն շարժվի: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նախ աշխատեցրել են գնացքի «վթարային կանգառ» բռնակը, իսկ շարժակազմի կանգառից հետո կայարանների միջանկյալ հատվածից, պատը մագլցելով, վազել-մոտեցել են մի խումբ անձինք և ներկելու միջոցով վնասել ուղևորներով ընթացող գնացքի վագոնները:
Համայնքային ոստիկանության Մետրոպոլիտենի բաժնի ծառայողներն իրացնելով օպերատիվ տեղեկությունները՝ ԱԱԾ և Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի աշխատակիցների հետ, խուլիգանության կասկածանքով ձերբակալել են Բագրատաշենի սահմանային անցակետը հատել փորձող հինգ օտարերկրացու: Մասնավորապես, նրանցից չորսը՝ ՌԴ քաղաքացի են, մեկը՝ Լիտվայի Հանրապետության։