cropped-cropped-IMG_3536.png

ՀՀ-ն կարող է դիտարկել հենց Սևանա լճում Open Water՝ բաց ջրերի ձևաչափով միջոցառումների անցկացումը․ Եվրոպայի ջրային մարզաձևերի ֆեդերացիայի փոխնախագահ

02_2-770x_

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է Եվրոպայի ջրային մարզաձևերի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Յոսիպ Վարվոդիչին, որը Հայաստան է ժամանել ուսումնասիրելու առկա ենթակառուցվածքներն ու համագործակցության հնարավորությունները: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Հանդիպմանը ներկա է եղել նաև Լողի հայկական դաշնության նախագահ Հովսեփ Մեսրոպյանը:

Արթուր Մարտիրոսյանը, ողջունելով հյուրերին, շնորհակալություն է հայտնել այցելության և համագործակցության պատրաստակամության համար: ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծել է՝ սպորտի զարգացումը և հանրության շրջանում առողջ ապրելակերպի ու ֆիզիկական ակտիվության խրախուսումը ՀՀ կառավարության կարևոր առաջնահերթություններից է: Նա նաև տեղեկացրել է՝ հաստատվել է ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024- 2030 թվականների ռազմավարությունը, որում, որպես առանձին թիրախ, սահմանված են լողով զբաղվելու հնարավորություների և մարզերում լողավազանների ցանցի ընդլայնման կարևորությունը, ինչպես նաև ՀՀ-ում միջազգային խոշոր մրցաշարերի հյուրընկալումը:

Եվրոպայի ջրային մարզաձևերի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Յոսիպ Վարվոդիչը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել՝ Լողի հայկական դաշնության ակտիվ մասնակցությունը Եվրոպայի ջրային մարզաձևերի ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող առաջնություններին և կոնգրեսներին վստահություն է ներշնչում, որ առկա է համագործակցության ավելի լայն ներուժ: Նրա խոսքով՝ որպես առաջին փորձ՝ Հայաստանը կարող է դիտարկել հենց Սևանա լճում Open Water՝ բաց ջրերի ձևաչափով միջոցառումների անցկացումը: Յոսիպ Վարվոդիչը վերահաստատել է Եվրոպայի ջրային մարզաձևերի ֆեդերացիայի պատրաստակամությունը մարզաձևի զարգացման ու միջազգային մրցաշարերի անցկացման համատեքստում աջակցելու Հայաստանին:

Անդրադառնալով ենթակառուցվածքների զարգացմանը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը տեղեկացրել է՝ Գյումրիում ընթանում է Արթուր Ալեքսանյանի անվան խոշոր մարզահամալիրի շինարարությունը, որտեղ նաև լողավազանի կառուցում է նախատեսվում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև մասնավորի հետ համագործակցության միջազգային փորձառությանը, մարզիչների վերապատրաստմանը, ուսումնամարզական հավաքների կազմակերպմանը վերաբերող հարցեր:

Հայաստան կատարած եռօրյա աշխատանքային այցի շրջանակում Եվրոպայի ջրային մարզաձևերի ֆեդերացիայի առաջին փոխնախագահը կայցելի Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի մարզադպրոց, Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր, ինչպես նաև մասնավոր մի շարք լողավազաններ, կծանոթանա առկա ենթակառուցվածքներին: