Մարդկության 2/3-րդն ապրում է 70 տարեկանից բարձր տղամարդկանց ղեկավարության ներքո. Bild

Երկրի բնակչության 2/3-րդ մասն ապրում է 70 տարեկանից բարձր տղամարդ առաջնորդների ղեկավարության ներքո. այս մասին ասվում է Bild թերթի վերլուծության մեջ: Նշվում է, որ տվյալները վերլուծելիս հեղինակները հաշվի են առել ոչ թե  պետությունների անվանական ղեկավարների տարիքը, այլ նրանց, ովքեր իրականում այդ երկրներում կայացնում են առանցքային որոշումներ:

Նշվում է, որ քաղաքական իշխանությունն ամբողջ աշխարհում ավելի ու ավելի շատ է կենտրոնանում տարեց տղամարդկանց ձեռքում, օրինակ՝ ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Չինաստանում, Հնդկաստանում, Իրանում: Մոտավորապես 8 միլիարդ բնակչությունից 5,4 միլիարդը, այսինքն՝ 67,5 տոկոսը ապրում է 70 տարեկանից բարձր տղամարդկանց կառավարման ներքո:

Այս առումով ներկայիս ռեկորդակիրը Կամերունի նախագահ Փոլ Բիյան է: Նա 91 տարեկան է, պաշտոնավարում է 42 տարի։

Ինչ վերաբերում է կանանց, ապա ամբողջ աշխարհում իգական սեռի ղեկավարների իշխանության ներքո ապրում է 380 միլիոն մարդ՝ աշխարհի բնակչության 5%-ից մի փոքր պակաս: Խոսքն ընդամենը 28 երկրի մասին է: Դրանցից ամենամեծն են Մեքսիկան և Իտալիան։ Ամենաերիտասարդ կին վարչապետը Քրիստուն Ֆրոստադոտտիրն է (Իսլանդիա): Նա ընդամենը 36 տարեկան է։