ՄԻՊ Անահիտ Մանասյանն այցելել է Քաջարան՝ լսելու ԶՊՄԿ գործադուլ անող աշխատակիցներին։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է գործադուլը համակարգող խորհրդի անդամ Վահե Մխիթարյանը։

«Հազարից մեկ մեզ մարդու տեղ են դրել։ «Оказывается»  մենք իրավունքներ էլ ունենք»,- կես կատակ կես լուրջ  ասաց Վահե Մխիթարյանը նշելով․ «Առաջին ձյան հետ մեզ մոտ ուրախություն է՝ մեզ մոտ է ժամանել ՄԻՊ-ը, ով պատրաստ է լսել բոլորիդ բողոքները և խնդիրները»,- ասաց նա։

Մխիթարյանը կոչ արեց նաև քաջարանցիներին դուրս գալ և աջակցել իրենց։

«Արտադրական հսկան արդեն յոթերորդ օրն է, կանգնած է։ Այս ընթացքում եղել են  տնօրինության հետ բանակցություններ, բայց ընդհանուր հայտարարի դեռևս չենք եկել»,- ասաց Մխիթարյանը։

Անդրադառնալով ԶՊՄԿ-ի այսօրվա տարածած հաղորդագրությանը,թե աշխատակիցների ճնշող  մեծամասնությունը կողմ է եղել է գործարկմանը, որին խանգարել են ընդամենը 70 հոգի, նա կոչ արեց  բնակչությանը միանալ գործադուլին․ «Հիմա խնդրելու եմ, որ այն մարդիկ, որոնք ուզում են խնդիրը լուծվի, եկեք հավաքվենք ԶՊՄԿ-ի մոտ և խնդիրը վերջնական լուծենք։ Ակնհայտ է, որ այս բողոքի ակցիան այս ձևաչափով երկար շարունակվել չի կարող։ Խնդրում եմ՝ ընտանիքներով, երեխաներով եկեք և միասին բարձրաձայնենք այս խնդիրն ու միասին լուծենք այս հարցը»։

Հիշեցնենք, որ ԶՊՄԿ բազմաթիվ աշխատակիցներ հունվարի 31-ից հայտարարել են գործադուլ՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում ու աշխատանքային պայմանների բարելավում։