ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր, որն արգելում է տրանսգենդեր մարզիկներին մասնակցել կանանց սպորտային մրցումներին, հայտնում է BBC-ն։

«Այսուհետ կանանց սպորտը միայն կանանց համար է լինելու: Այս հրամանագրով կանանց սպորտի դեմ պատերազմն ավարտված է»,- նախքան Սպիտակ տանը հրամանագրի ստորագրումն ասել է Թրամփը՝ շրջապատված կին և աղջիկ մարզիկներով։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն վիզաներ չի տրամադրի տրանսգենդեր մարզիկներին։

Հրամանագիրը կկիրառվի հիմնականում ավագ դպրոցների, քոլեջների և սիրողական մրցումների համար, սակայն Թրամփը հայտարարել է, որ կհասնի նրան, որՄիջազգային օլիմպիական կոմիտեն փոխի տրանսգենդեր մարզիկների վերաբերյալ կանոնները մինչև 2028 թվականի Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերը:

«Վերջին տարիներին բազմաթիվ ուսումնական հաստատություններ և մարզական միավորումներ տղամարդկանց թույլ են տվել հանդես գալ կանանց սպորտում: Սա նվաստացուցիչ, անարդար և վտանգավոր է կանանց և աղջիկների համար և զրկում է նրանց մրցակցային սպորտում մասնակցելու և հաջողության հասնելու հավասար հնարավորություններից»,- ասված է «Տղամարդկանց կանանց սպորտից հեռացնելու» հրամանագրում։

Իր երդմնակալության ելույթի ժամանակ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ հանրային քաղաքականությունը ճանաչելու է միայն երկու սեռ՝ արական և իգական, որից հետո նա նույնպես համապատասխան հրամանագիր է ստորագրել։