Հայաստանում հարկերը եւ տուրքերը չեն ավելացել։ Այս մասին փետրվարի 6-ին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։
Նրա խոսքով՝ բիզնեսի շահութահարկը կրճատվել է, 780 հազար մարդու վճարած եկամտահարկը 25 տոկոսից իջել է 20-ի (այստեղ նա չի նշել, որ այդ 5 տոկոսը սկսել է գնալ կենսաթոշակային հիմնադրամներին այն բանից հետո, երբ իշխող ուժը չի կատարել խոստումները մինչեւ «թավշյա հեղափոխությունը» եւ պարտադիր կուտակային համակարգի ներդրումը- խմբ)։
«Թափանցիկ գործունեություն իրականացնող ընկերությունների համար հարկերը նվազում են»,- վստահեցրել է նա։ Պապոյանը համոզմունք է հայտնել, որ այսօր Հայաստանում միջին աշխատավարձը մոտենում է 300 հազար դրամին՝ ասելով, որ նվազագույն աշխատավարձի բարձրացման հարցը կառավարության ուշադրության կենտրոնում է։
Նախարարը նշել է, որ անցած տարի Հայաստանում 20 հազար ընտանիքներ, որոնք զբաղվում են բուսաբուծությամբ, պետությունից ստացել են աջակցություն գարնանացանի համար, իսկ ջերմոցային տնտեսությունների արտադրանքի արտահանումը ավելացել է 60 տոկոսով։