Եթե Արամ Սարգսյանը գիտեր Մեղրին տալու հարցի մասին, և գիտեր, որ դրանից հետո հոկտեմբերի 27 է կատարվելու, ապա ինչու էր դեկտեմբերին իմ ազատման հարցը դնում, այ դա անհասկանալի է։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասել է Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։
«1999 թվականին Հայաստանի քաղաքական դաշտն Արցախի ղեկավարության հետ Անվտանգության խորհրդի նիստում դնում են իմ հեռացման հարցը, ինչի համար, ասում են ապտակել է մեկին, դրա համար պետք է հեռանա, թե չէ վաղը մեզ է ապտակելու, պատճառ էր պետք, որ ինձ հեռացնեն և իրենց հարցերը լուծեն։ Հիմա Արամ Զավենի Սարգսյանը, որ ամեն տեղ ասում է, թե Մեղրին հանձնում էին, բայց նա առաջիններից մեկն է եղել, որ Անվտանգության խորհրդում հարցը դրել է, որ Բաբայանը պետք է հեռանա։
Շատ լավ իմանալով, որ Վազգենի սպանությունից հետո միակ անձն էի մնացել, որ կարող է այդ տարածքները պահել, բայց ինքը հարց է դնում, որ ինձ հեռացնեն։ Հիմա հարց է ծագում, ինչի մասին եք խոսում, տղերք։ Ինչ եք ասում Մեղրի, բա չէիք իմանում, որ էդպես պիտի լինի։ Արամ Սարգսյանը չհասկանալով թուլացրել է բանակը և իրեն մինչև էսօր թվում է, որ ինքը ճիշտ է, և չի բարձրաձայնում այդ մասին, որ այո, մենք սխալվել ենք 1999 թվականին։
Ես 30 տարի բանակցել եմ մեր հարևանների հետ, ու շատ լավ գիտեմ, թե ինչ է լինելու Մեղրին տալուց, ինչ վիճակում է հայտնելու Իրանը, մենք ի՞նչ է, տարածաշրջանում նոր պատերա՞զմ ենք հրահրում։
Եթե իրոք Արամ Սարգսյանը գիտեր Մեղրիի վերաբերյալ հարցի մասին, և գիտեր, որ դրանից հետո հոկտեմբերի 27 է կատարվելու, ապա ինչու էր ինքը դեկտեմբերին երկու ոտքը դնում մի կոշիկի մեջ, որ ինձ ազատեն, որ այդ հանձնողոների գործերը հեշտանա՞, այդ դա է ինձ համար անհասկանալի»,-ասել է նա։